Այսօր Հանրային խորհրդում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի շուրջ հանրային քննարկման ժամանակ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Մենք համոզված ենք, որ Երեւանից ավելի ապահով քաղաք չկա՝ սպանություններ եւ այլն, ես ցուցակը նայեցի երկրների, մենք 51-րդ տեղում ենք: Մեզնից ավելի վատ վիճակում էր Վրաստանն ու Ադրբեջանը: 150 չեմ հիշում որ տեղում գտնվում էր ՌԴ-ն, որտեղ սպանությունները 100 հազար հոգուն հասնում էր 9.2 սպանություն, իսկ Իրաքում, որը պատերազմի մեջ է՝ 8 սպանություն:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանը ասաց, թե ընտանեկան բռնությունը որքան տարածված է ՀՀ-ում. «Միայն ոստիկանության կողմից գրանցված դեպքերը 2012-ից սկսած ունենք՝ 728 է, 2013-ին՝ 729, 2014-ին՝ 678, 2015-ին՝ 784, 2016-ին՝ 756, իսկ այս տարվա առաջին 9 ամիսներին արդեն գրանցվել է 602 դեպք: Ոմանց համար սա կարող է թվալ չնչին թիվ, բայց մեր բնակչության թիվը հաշվի առնելով՝ սա բավականին մտահոգիչ է, ընդ որում, սա պաշտոնական վիճակագրությունն է, լատենտայնություն կա, զոհերը չեն դիմում իրավապահներին»:
Նա ասաց, որ այն մտահոգությունը, որ այս օրենսգիրքը նպաստելու է, որ ընտանիքներից երեխաներին վերցնեն՝ այդպես չի լինելու: Սեփականության իրավունքի հարցում նույնպես նախագիծը, ըստ նրա, խնդիրներ չի առաջացնում: Հիշեցնենք, որ նախագծով ոստիկանը կարող է թույլ չտալ բռնարարին մոտենալ իր բնակարան, եթե անգամ նա է սեփականատերը՝ ընտանիքի տուժող անդամին պաշտպանելու նպատակով: Գոհար Հակոբյանն ասաց, որ ՄԻԵԴ-ն էլ ունի վճիռներ եւ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել, դա մեր Սահմանադրությամբ նույնպես ամրագրված է, այն կարող է սահմանափակվել օրենքով՝ այլոց իրավունքների պաշտպանության համար:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա ասաց, որ օրինագծի քննարկումը դաշտը բաժանեց սեւերի եւ սպիտակների: Զոհրաբյանն էլ նշեց, որ 2016-ին ոստիկանությունից ստացել են բռնությունների մասին տվյալներ եւ թվերը մտահոգիչ չեն. «Ինձ, որպես իրավաբանի, թվերը չեն համոզում, բայց գուցե քաղաքական որոշում ընդունեն եւ նույնիսկ մեկ դեպքի համար օրենքը փոխեն»:
Արա Զոհրաբյանը տնտեսական բռնության դրույթը մեկնաբանելով՝ ասաց. «Եթե ամուսինը կնոջ աշխատավարձը գրպանում է, դա կարող է համարվել տնտեսական բռնություն եւ ենթադրվում է, որ օրենքը գրողները հենց դա են նկատի ունեցել, բայց կարող է ծնողը երեխայի գումարը վերցնի, որ նա, օրինակ, չգնա գիշերային ակումբ եւ դա նույնպես համարվի տնտեսական բռնություն: Իմ լավ գործընկեր իրավաբաններից մեկը ապաստարանների դրույթի հետ կապված մի լավ բան ասաց՝ մեր հայերը կարող են լավ լուծում գտնել եւ երբ հայրը արտագնա աշխատանքի կգնա, կնոջը, երեխային կտա ապաստարաններ, որ անվճար ապրեն, մինչեւ գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ