Հոկտեմբերի 17-ին Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու համար ԻԻՀ փոխնախագահ Ալի Ասղար Մունեսանի հրավերով Իրան էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Համատեղ ցուցահանդեսի նախաձեռնման, նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին այլ պետական կառույցների հետ մեկտեղ էական մասնակցություն է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ պատմության թանգարանը ցուցադրության ներկայացրեց նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի 103 բացառիկ պատմամշակութային մեծարժեք ցուցանմուշներ: Իրանի ազգային թանգարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ԻԻՀ փոխնախագահ և Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանը, նշված կազմակերպության նախագահի տեղակալ Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջաբրաիլ Նոքանդեն և մի շարք այլ պաշտոնյաներ, բազմաթիվ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, սրբազան հայրեր, իրանահայ համայնքի անդամներ, մշակութային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Իրան կատարած այցի շրջանակներում նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբաս Սալեհիի հետ:
Հանդիպումների ընթացքում նախարար Ամիրյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում են կինոյի, գրահրատարակչական, թատերական, թանգարանային և մշակույթի այլ ոլորտներին:
Իրանում ՀՀ դեսպանություն