Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի փոխվարչապետ. «Լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք»

Հոկտեմբեր 19,2017 19:45

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները դարեր ի վեր ներգրավված են եղել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արա Բաբլոյանը կարեւորել է Լեհաստանի իշխանությունների դրական վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մշակութային եւ գիտակրթական ոլորտում հայ-լեհական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. հայ համայնքի համար հոբելյանական հանդիսացող այս տարվա ընթացքում թե՛ Լեհաստանում, թե՛ Հայաստանում նախագծվել եւ արդեն իրականացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք հայ-լեհական բարեկամության վառ վկայություններն են:

«Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ միմյանց մշակույթներին ծանոթանալու գործում»,-ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ: Երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ ծավալվում է համագործակցություն, պարբերաբար իրականացվում են փոխայցելություններ:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առնչությամբ պարոն Բաբլոյանը կարեւորել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որի նիստերին զուգահեռ կազմակերպվում են նաեւ հայ եւ լեհ գործարարների մասնակցությամբ համաժողովներ:

Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ Պիոտր Գլինսկին, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, նշել է, որ լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք, ինչը հիմնված է այն մեծ ներդրմամբ, որն ունեցել են հայերը Լեհաստանում: Փոխվարչապետը դրական է գնահատել հատկապես մշակույթի ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բաց է հետագա համագործակցության համար:

Պարոն Գլինսկին մանրամասն ներկայացրել է մշակույթի նախարարության գործունեության վերջին ձեռքբերումները, անդրադարձել իրականացվող տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Ազգային հուշարձանների պահպանման հիմնադրամի ստեղծմանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031