Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն Հայաստանի համար տնտեսական աճ է կանխատեսում

Հոկտեմբեր 19,2017 18:25

Հայաստանի տնտեսությունը 2017թ. ընթացքում վերականգնվել է՝ շնորհիվ աշխարհում մետաղների գների վերականգնման, մասնավոր ներդրումների և սպառման ամրապնդման, ինչը նպաստել է նաև ֆինանսական արդյունքների բարելավմանը: Թեև միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է տնտեսության կայուն և համեստ վերականգնում, 2018թ. սպասվող նախագահական ընտրությունների ֆոնին որոշակի ռիսկեր են պահպանվում: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններին նվիրված զեկույցում:

2016թ. լճացումից հետո Հայաստանի տնտեսությունը 2017թ. առաջին կեսին ցուցաբերել է աճ, 2016թ. հետո ՀՆԱ-ն աճել է մինչև 6 տոկոս: Զեկույցում նշվում է, որ այդ աճը պայմանավորված է, մասնավորապես արդյունաբերության, սպասարկման և մանրածախ առևտրի ոլորտներում տեղաշարժով: Ընդհակառակը, գյուղատնտեսությունը շարունակում է մնալ թույլ՝ գարնան ամիսներին ցրտահարությունների և կարկուտի պատճառով, իսկ շինարարությունը 2016թ. հետո 10 տոկոս անկում ապրել: Թեև արտահանման ծավալներն աճել են մոտ 20 տոկոսով (հիմնականում ծխախոտի, տեքստիլի, վերամշակված մթերքի, ոսկյա զարդերի արտահանման հաշվին), զուտ արտահանումը արգելք է դնում աճի վրա, քանի որ ներկրումները մնացել են աճող ներդրումների և սպառման ետևում:

«2018թ. ապրիլին սպասվող նախագահական ընտրությունները, որոնց կհաջորդեն կադրային վերադասավորումներ կառավարությունում, Ռուսաստանի տնտեսության համեստ վերականգնումը, որը ենթարկվում է անկման ռիսկերի՝ կապված վերջին պատժամիջոցների հետ, ինչպես նաև Իրանում անորոշ իրավիճակը, թույլ են տալիս կանխատեսելու 2017թ. համար ՀՆԱ 3.7 տոկոս աճ, իսկ 2018-19թթ՝ մինչև 4 տոկոս»,- կարծում են վերլուծաբանները:

Զեկույցում նշվում է, որ ենթադրյալ կանխատեսումը հիմնվում է պետական կառավարման ոլորտում կառուցվածքային փոփոխությունների, մրցակցության փորձի անհրաժեշտության, ինչպես նաև բիզնես միջավայրը բարելավելու համար լայնածավալ փոփոխությունների վրա:

Այնուամենայնիվ, տնտեսական աճի կանխատեսումները մնում են խոցելի մշտական տարածաշրջանային ռիսկերի պատճառով, որոնք պայմանավորված են աշխարհաքաղական լարվածությամբ և տարածքային վեճերով:

Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը կանխատեսսում է, որ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը 2017թ. կհասնի 2.2 տոկոսի, ինչը կլինի ամենաբարձր ցուցանիշը վերջին 6 տարիների ընթացքում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031