Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննված ոստիկաններից մեկն էլ ոստիկան Կարեն Վանյանն էր: Նրա դատաքննական ցուցմունքը այս գործով մյուս վկաների ցուցմունքներից չէր տարբերվում: Նա նույնպես պատմեց, որ որեւէ մեկին չի տեսել ոստիկաններին քարով հարվածելիս, բայց քարերի հարված եղել է, ըստ իր նախաքննական ցուցմունքի քաղաքացիների կողմից լսել էր հայհոյանք, բայց դատաքննական ցուցմունքում էլ պնդեց, որ քանի որ չի տեսել՝ ով է հայհոյել, հետեւաբար չի կարող պնդել, որ քաղաքացիներն են հայհոյել: Նա որեւէ մեկին չէր տեսել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Զեյթունյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին, Հարություն Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.07.2016թ. ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ