Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացիի դեպքերով հարցաքննվող ոստիկանը ոչինչ չէր հիշում

Հոկտեմբեր 19,2017 17:54

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին երկու վկաներ:

Վկաներից մեկը՝ Ազարիա Գեւորգյանը, որը դեպքերի ժամանակաընթացքում աշխատել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, ոչինչ չէր հիշում՝ ո՛չ դեպքի վայրը, ո՛չ գործընկերներին:

Ամբաստանյալներից Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց վկային ենթարկել բժշկական փորձաքննության, որ համոզվեն՝ ի վիճակի է նա ընկալել դեպքերը:

Հարցին՝ ինքնաձիգ ունեցել եք ձեր մոտ, վկան պատասխանեց՝ ոչ, հարցերին նրա մի շարք պատասխաններ հակասում էին նախաքննական ցուցմունքում ասածներին, էական հակասությունների պատճառով, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Ըստ որի, պարզվեց, որ նա ունեցել է ինքնաձիգ:

Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո էլ հարցին, թե ունեցել եք ինքնաձիգ, նա պատասխանեց՝ չեմ հիշում:

Նա չէր հիշում նաեւ՝ ինքն է իր ձեռքով ցուցմունքը գրել, թե տեխնիկական միջոցներով է հավաքվել: Դատարանի համար էլ այս վկայի ցուցմունքի արժանահավատությունը կասկածներ հարուցեց: Դատարանը վկային ցույց տվեց նրա ստորագրությունը՝ հարցնելով, թե ի՞նքն է ստորագրել նախաքննական ցուցմունքի տակ կամ կարդացե՞լ է դրա տակ ստորագրելուց առաջ, ի պատասխան վկան ասաց՝ եթե ստորագրել եմ, երեւի կարդացել եմ:

Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ վկային ենթարկում են խոշտանգման:

Հարցին, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, այս վկան ասաց՝ չգիտեմ, կարող եմ տանել, ցույց տալ:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը նկատեց, որ ի տարբերություն դատաքննական ցուցմունքի՝ շատ գեղեցիկ էր գրված այս վկայի նախաքննական ցուցմունքը. «Ինչը կասկած է հարուցում, որ վկան չի գրել իր ցուցմունքը, պարզապես ստորագրել է: Որովհետեւ այն բառերը, որոնք գրված էին, դրանց գոնե մեկ տոկոսը դատարանում արտաբերեր, կհավատայինք, որ գուցե վկան ասել է, բայց չի հիշում»:

Ի դեպ, այս վկան նաեւ հայտնեց, որ նախաքննական ցուցմունքը մանրամասնորեն է գրել, քանի որ քննիչի մոտ տեսել է դեպքի տեսագրությունը: Ըստ Գրիշա Բալասանյանի. «Ինչ է ստացվում, որ ինքը ոչ թե ականատես է եղել այդ ամենին, այլ տեսանյութը դիտելուց հետո է մանրամասներ ստացել, աբսուրդ է, որովհետեւ վկան պետք է ցուցմունք տա իր տեսածի հետ կապված, այլ ոչ թե տեսանյութերից կամ երրորդ աղբյուրից»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Զեյթունյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին, Հարություն Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.07.2016թ. ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031