Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, այլ պատասխանատու անձինք: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են բնապահպանության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը և գործնական ակտիվ աշխատանքի միտված պատրաստակամությունը:
2017 թ. հունիսին ստորագրվել են ՉՀ Բնության պահպանության գործակալության և ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ Համագործակցության հուշագիրը և 2017-2018 թթ. գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև: Նախարար Մինասյանն ու դեսպան Միկիսկան կարևորել են երկու երկրների բնապահպանության նախարարությունների միջև ստորագրված բնապահպանության բնագավառում համագործակցության մասին Համատեղ հռչակագիրը, նշելով, որ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ժամանակն է: ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը կարևորել է չեխական կողմի օժանդակության հնարավորությունը ոլորտում տեխնիկական աջակցության, կարողությունների զարգացման և հզորացման բնագավառում:
Դեսպան Միկիսկան նշել է Կանաչ Երևան նախագծի շրջանակներում չեխական կողմից առաջարկվող գործողությունների ծրագրի մասին: Համաձայնություն է ձեռք բերվել առաջարկն ուսումնասիրելու և այլ գերատեսչություններին ու Երևանի քաղաքապետարանին այն ներկայացնելու մասին: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
ՀՀ բնապահպանության նախարարություն