Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական բռնության ենթարկված 6 տարեկան երեխային հաղթանդամ տղամարդիկ են փորձաքննության ենթարկում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 17:45

Սեռական բռնության ենթարկված անձինք հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին՝ տարբեր պատճառներով: Այսօր այս մասին ասաց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպութան ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը՝ «2015–2016թթ.Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ:

Նշենք, որ այս հետազոտությունն իրականացվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» եւ քննչական կոմիտեի հետ համատեղ:

Տաթեւիկ Աղաբեկյանն ասաց, որ կենտրոնը 2008 -2016 թվականներին աշխատել է 500 շահառուների հետ, որոնց մեծ մասը եղել են ընտանեկան բռնության ենթարկված կանայք եւ 100-ը՝ սեռական բռնության, մինչեւ 2016 թվականը որեւէ դեպք դատարան չի գնացել:

«2016-ից սկսել ենք միայն սեռական բռնության դեպքերով զբաղվել: Այս պահին 7 անչափահասի դեպք ունենք, որոնցից 6-ն աղջիկներ են, 1-ը՝ տղա, ունենք կանանց 9 դեպքեր: Ոչ բոլոր դեպքերն են դատարանում, բայց անչափահասների բոլոր գործերը դատական գործընթացում են ներգրավված»,-ասաց Աղաբեկյանը:

Կենտրոնի փորձը ներկայացնելով, Աղաբեկյանը մի քանի պատճառներ բերեց, թե ինչու սեռական բռնության զոհերը չեն դիմում իրավապահ մարմիններին. «Առաջինը՝ ամոթն է: Ամոթը շատ դեպքերում վերաբերում է սեռականությանը, ոչ այնքան սեռական բռնությանը, քանի որ Հայաստանում ընդհանրապես ամոթ է խոսել սեռականության մասին, արգելված թեմա է»:

Իրավապահներին չդիմելու այլ պատճառների մասին կարդացեք այստեղ

Քննարկմանը ներկա քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանն էլ վստահեցրեց՝ սեռական հանցագործությունների՝ քրեական գործերով կարճված գործերը նվազել են:

«1-2 դեպք է գրանցվում, երբ անծանոթ անձի կողմից է կատարվում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունը, մեծ մասը երեխաների խնամքն ու դաստիրակությունն իրականացնող անձինք են, կամ նրանց փոխթույլտվությամբ է»,-ասաց Թումասյանը: Նրա խոսքերով՝ 6.5 % ով ավելացել են երեխաների հետ փաստական ամուսնության դեպքերը, ինչը հանգեցրել է երեխաների նկատմամբ այդ հանցագործությունների իրականացմանը:

«Անհրաժեշտություն է եղել անչափահաս տուժողների ծնողներին քրեաիրավական գնահատական տալը: Մենք ունենում ենք դեպքեր, երբ մայրը տեղյակ է լինում իր երեխայի սեռական կյանքով ապրելու մասին, եւ ոչ միայն չի պաշտպանում երեխային, այլ իր վարքագծով օժանդակում է այդ գործողություններին. երեխային առաջարկում է մերկանալ եւ պառկել, երեխան նայում է մորը, ու որեւէ արձագանք չստանալով, ինքը դա ընկալում է որպես նորմալ երեւույթ: Լինում են դեպքեր, երբ ծնողը ամուսնացնում է անչափահասին, պնդելով՝ թող ամուսնանա, ամուսինը զբաղվի, կամ՝ ֆինանսական բեռը թեթեւացնելու նպատակով»,-վստահեցրեց Թումասյանը: Նրա խոսքերով՝ սեռական բռնության ենթարկվածները իրավապահներին ուշ են դիմում, ամիսներ, նույնիսկ տարիներ հետո, այս դեպքում հանցագործության ապացուցելիությունն անհնարին է դառնում:

Քննարկման ժամանակ առաջ քաշվեցին այն խնդիրները, որոնք սեռական բռնության ենթարկված անչափահասներին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու ու դատաիրավական գործընթացներում են լինում: Տաթեւիկ Աղաբեկյանը պատմեց.«Սեռական բռնության ենթարկված 6 տարեկան աղջիկ երեխան, որը մի կերպ մորը բացատրել էր, թե ինչ է եղել, մայրը երեխային տանում է քննչական, որտեղից ուղարկում են դատաբժշկական փորձաքննության: Մաման պատմում է՝ երեխան սարսափած էր, նրան բարձրացրել էին գինեկոլոգիական աթոռի վրա, երկու հաղթանդամ տղամարդ է մոտեցել, որոնք պետք է փորձաքննություն անեին, երեխան շոկի մեջ էր, մայրը՝ նույնպես: Այսինքն՝ ասում են՝ դե, ծնողը երեխայի մոտ է լինում: Բայց չէ որ ծնողն էլ է շոկի մեջ ու առաջին անգամ այդ իրավիճակում: Հետո ասել էին՝ մի քանի օրից հոգեբանը կգա ու կխոսի ձեզ հետ: Այսպիսի հարցերը պետք է լուծել»:

Քննարկմանը ներկա դատական բժիշկը, որը մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայանալ, Աղաբեկյանի բարձրացրած հարցի առնչությամբ ասաց՝ «Կին դատական բժիշկներ չկան, չեն ցանկանում այդ ուղղությամբ մասնագիտանալ: Իսկ գինեկոլոգը չի կարող դատական բժշկի գործն անել, իրավունք չունի ստորագրել փորձաքննության եզրակացությունը: Դատական բժիշկները հատուկ մասնագիտանում են»:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ ներկայացրեց Լեհաստանի փորձը, որտեղ սեռական բռնության ենթարկված անչափահասներին հարցաքննում են առանձնացված վայրերում, նրանց հետ աշխատում են հոգեբանները, իսկ իրավապահ մարմինները ապակու հետեւից հետեւում են այդ գործընթացին:

Դավիթ Թումասյանն էլ վստահեցրեց, որ սեռական բռնության հարցաքննության համար քննիչների համար վերապատրաստման դասընթացներ են իրականացվել, արդարադատության ակադեմիայում ներդրվել է հատուկ կուրս, որը վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ քննության առանձնահատկություններին. « Օրինակ` քննչական գործողությունների առումով սեռական բռնության ենթարկված անչափահասը, եթե պետք է առերեսվի բռնարարի հետ, դա կամ չի իրականացվում, կամ իրականացվում է տեսաձայնագրության միջոցով, կամ էլ թողնվում է հետագայում դատարանի որոշմանը: Մենք հաճախ հրավիրում ենք մանկավարժ- հոգեբաններին, որոնք կարողանում են երեխային դուրս բերել այդ իրավիճակից: Կառավարությունում է Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու փաթեթը, ըստ որի, երեխաների հարցաքննության ժամանակ ներգրավվելու են հոգեբաններ»:

Ինչ վերաբերում է անչափահաս աղջիկ երեխաներին տղամարդ քննիչների հարցաքննությանը, ապա Թումասյանը վստահեցրեց, որ կին քննիչներ էլ կան, իսկ կոմիտեում կա առանձնացված մուտք, ինչի շնորհիվ զոհին ոչ ոք չի տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031