«Երկու նախագահների հանդիպմամբ ռեստարտ տրվեց բանակցային գործընթացին »,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպմանը:
Ըստ նրա`հանդիպումից հետո լուսանկարներն ավելի մեծ ուղերձներ էին փոխանցում և առաջին անգամ էր, որ ադրբեջանական մամուլը հիմնվեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության վրա. «Մինսկի խմբի ջանքերով սկսվեց բանակցային գործընթացի մի նոր փուլ: Պայմանավորվել են, որ կնստեն բանակցային սեղանին, բայց բուն փաստաթղթին չեն հասել»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե բանակցություններին զուգահեռ սահմանին լարվածությունը շարունակում է պահպանվել, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Բանակցություններից առաջ միշտ էլ լինում է տոնայնության կոշտացում, որպեսզի սեղանին դա դառնա բանակցությունների առարկա: Նորություն չէ: Բայց այս անգամ շատ չլարվեց իրավիճակը. դա այն լարվածությունը չէր, որ լինում է սովորաբար բանակցություններից առաջ»:
Անդրադառնալով ԵՄ-ի շուկան կորցնելու մասին հայտարարություններին` պարոն Քոչարյանը փաստեց. «Անգամ ջուր չենք կարող արտահանել. մեր ջրի ստանդարտները չեն համապատասխանում եվրոպականին: ԵՄ-ի շուկան շատ մեծ է, բայց բավականին կոշտ ստանդարտներով: Կարող է մեր ծիրանն էլ չհամապատասխանի այդ չափանիշներին: ԵԱՏՄ շուկան շատ ավելի բառադի է, չունի նման ստանդարտներ, բայց դա մեր շահերից է բխում, և մենք մեր թեկուզ ոչ բարձրորակ արտադրանքը կարող ենք իրացնել»:
Ըստ Կարեն Քոչարյանի` առանձնապես մեծ խնդիր չկա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ձգձգման հետ կապված, բայց, համենայնդեպս, խնդիրն այն չէ իրականում, ինչը ներկայացվում է` փաստաթղթի` մի քանի լեզուներով թարգմանված չլինել:
«Ընտանեկան բռնության մասին» օրենքը Կարեն Քոչարյանը չի ցանկանում, որ ընդունվի, բայց վստահ է, որ ընդունվելու է: Նա մի համեմատություն արեց ՃՈ-ի կողմից տեղադրված տեսախցիկների հետ. «Տներում ընտանիքներում պետք է կամերաներ դնեն, որ խախտումներն արձանագրե՞ն: Խնդիրն այն է, թե օրենքի ինչ կետեր կմնան, ինչ կհանեն»:
Դառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի և ատոմակայանի հետ կապված մտահոգություններին` քաղտեխնոլոգը պարզաբանեց. «Չեմ կարծում, որ փաստաթղթում կա որևէ խնդիր: Միայն Մեծամորի ատոմակայանի ժամկետի մասին է: Այնտեղ ոչ մեկը չի նշում, որ Հայաստանը չպետք է ունենա ատոմակայան: Մեծամորում նոր բլոկ կկառուցեն, թե այլ տեղ, դա ներդրումների ու մասնագետների հարց է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ