Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ աշխատակազմի ղեկավար. «Դպրոցում ինքնիրավչություն է տեղի ունենում»

Հոկտեմբեր 19,2017 16:10

Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Այս տարվա մայիսի 12-ին ԿԳ նախարարի հրամանով տնօրեն նշանակված Վերգինե Եսայանը չի կարողանում կատարել իր պարտականությունները, կոլեկտիվը չի ընդունում նրան:

ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում ստեղծվել է քաոսային իրավիճակ. «Կոլեկտիվը խոչընդոտում է օրինական նշանակված տնօրենի` այնտեղ գտնվելը եւ պարտականությունների կատարումը: Հավակնորդներից մեկը դիմել է դատարան: Մարդը գտել է, որ իր իրավունքները խախտվել են եւ փորձում է դատարանով վերականգնել: Երբ նախարարի կողմից օրինական նշանակված տնօրենը փորձել է իր պարտականությունները կատարել, հանդիպել է խոչընդոտների, կոլեկտիվը դուռը չի բացում, նրան հնարավորություն չի տալիս աշխատել: Հետագայում դատարանը որոշում էր կայացրել կասեցնել ԿԳ նախարարի հրամանի գործողությունը, ու դպրոցում պաշտոնակատար էր նշանակվել տնօրենի տեղակալ Մարիետա Ավետիսյանը: Սեպտեմբերի 10-ին դատարանը նախարարի հրամանի կասեցումը հանել է, այսինքն` նախարարի հրամանը մտել է օրինական ուժի մեջ, եւ հոկտեմբերի 10-ին որոշում կայացվել, որ տնօրենը պետք է իր օրինական պարտականությունները կատարի: Ստեղծել ենք օրենքով նախատեսված հանձնաժողով: Այնտեղ ներգրաված են նախարարության 3 աշխատակից, նոր նշանակված տնօրենը եւ տնօրենի տեղակալ Մարիետա Ավետիսյանը, որը պաշտոնակատար էր, որպեսզի օրենքով սահմանված կարգով հոկտեմբերի 10-13-ը իրականացվեին հանձնման-ընդունման աշխատանքները, եւ տնօրենը սկսեր իր պարտականությունները կատարել, սակայն կոլեկտիվը եւս մեկ անգամ խոչընդոտեց»:

Պարոն Հարությունյանը հավելեց, որ անձամբ հանդիպել է դպրոցի կոլեկտիվի հետ, որպեսզի, իր ձեւակերպմամբ, բացատրի գործողությունների անօրինական լինելը եւ հնարավոր խնդիրները:

ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը շեշտում է, որ դպրոցում սովորում են հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաներ, եւ իրենք չէին ցանկանա նրանց սթրեսի ենթարկել, դրա համար էլ զերծ են մնում ավելի հրատապ գործողություններ իրականացնելուց: «Զարմանալի է, որ կոլեկտիվի որեւէ անդամի իրավունք ոտնահարված չէ: Նոր տնօրենը դեռեւս որեւէ գործողություն չի իրականացրել, եւ անհասկանալի է կոլեկտիվի նման պահվածքը…Եվ քանի որ հարցը վիճարկվում է դատարանում, ճիշտ կլինի սպասել դատարանի վճռին: Եվ երբ դատարանն անվավեր կճանաչի նախարարի հրամանը, ըստ իրավական գործընթացի, դրանից հետո միայն տեղի կունենա նոր մրցույթ»:

Նաիրի Հարությունյանն ասաց, որ այժմ դպրոցի կենսագործունեությունը վտանգված է. «Իրավական տերմինով այժմ ինքնիրավչություն է տեղի ունենում՚ տնօրենի տեղակալն իրեն հայտարարում է հիմնարկի օրինական ղեկավար, մինչդեռ նշանակված չէ օրինական ճանապարհով: Այս պահին երկու բան կարող ենք փաստել` դպրոցը չունի տնօրեն եւ իրեն տնօրեն է հայտարարել տնօրենի տեղակալը: Ֆինանսական, տնտեսական գործողություններ պետք է իրականացվեն, որպեսզի երեխաների սնունդն ապահովի, աշխատավարձեր վճարվեն: Վերգինե Եսայանը մեզ գրավոր դիմել է, որ իրեն դպրոց չեն թողնում եւ ինքը չի կարողանում իր պարտականությունները կատարել: Իսկ եթե նա չի իրականացնում ֆինանսական, իրավական եւ այլ գործողություններ, ստացվում է, կամ այդ գործողությունները չեն իրականացվում, կամ իրականացվում են այն անձի (անձանց) կողմից, որ դրա իրավունքը չունի(են): Նոյեմբերի սկզբին նախարարությունը պետք է ֆինանսական միջոցներ փոխանցի դպրոցին, սակայն իմանալով, որ այնտեղ օրինական տնօրեն չկա, մտահոգություն ունի երկու առումով. գումար փոխանցել չի կարելի, որովհետեւ անօրինական վիճակ է, գումար չփոխանցել եւս հնարավոր չէ, որովհետեւ երեխաներին չի կարելի սոված թողնել: Բնականաբար, այս վիճակը չի կարող երկար շարունակվել, դրա համար դիմել ենք ոստիկանություն, դիմելու ենք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցվի: Կոլեկտիվին կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն եւ չգնալ անօրինական գործողությունների»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031