Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դատախազությունը զբաղվելու N 17 հատուկ դպրոցով

Հոկտեմբեր 19,2017 14:33
krtutyan naxararutyun

ՀՀ կրթության և գիտության նախարարության ներքին աուդիտի վարչությունը Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցում իրականացրել է համակարգի գնահատման աուդիտ, եւ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազին:
Aravot.am-ը ԿԳ նախարարության ներքին աուդիտի վարչությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ բնույթի խախտումներ են արձանագրվել:

«Սովորաբար ոչ բոլոր հաստատությունների տնօրենների փոխվելու դեպքում է ԿԳ նախարարությունը որոշում աուդիտ իրականացնել: Ինչ վերաբերում է N 17 հատուկ դպրոցին, այնտեղ անցյալ տարի գողություն էր կատարվել, մարտկոցներ էին գողացվել, հետագայում գողոնը վերադարձվել էր, սակայն պաշտոնապես այդ մասին նախարարությանը չէին տեղեկացրել, որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չէր կրել: Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում հասկանալ, թե այդ դպրոցում ինչ վիճակ է, մանավանդ նոր տնօրեն է նշանակվել: Սովորաբար համակարգի գնահատման աուդիտ արվում է հաստատությանն օգնելու, խորհուրդ տալու նպատակով, սակայն նշյալ դպրոցում այնպիսի բաներ բացահայտեցին, որտեղ ռիսկեր կային: Դրանք այնպիսի նյութեր են, որոնք կարող են պաշտոնական դիրքի չարաշահման առումով վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ այդ մասին զեկուցեցինք նախարարին, ապա դրանք ուղարկվեցին գլխավոր դատախազություն»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՆ ներքին աուդիտի վարչությունից:

Նաեւ մանրամասնեցին, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերվում են նյութական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը, թվերը ուռճացված ցույց տալուն, հաստիքներին:

Մի օրինակ էլ բերվեց. «Երբ 17 դպրոցում կատարված գողությունից հետո պահակի հետ խոսել են իրավապահները, պարզվել է, որ նա նույնիսկ այդ դպրոցի տեղը չգիտի, այսինքն մարդը ձեւակերպված է եղել որպես պահակ, սակայն աշխատանքի չի ներկայացել»,-Aravot.am-ին փոխանցեցին ԿԳ նախարարությունից:

ԿԳ նախարարությունից նաեւ տեղեկացրին, որ N 17 հատուկ դպրոցում իրականացված աուդիտի արդյունքները թույլ են տալիս ավելի հետեւողական լինել եւ հնարավոր է առաջիկայում ուսումնասիրություններ իրականացվեն մյուս հատուկ դպրոցներում նույնպես:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031