Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ապատիա. ԵԽ Կոնգրեսը մտահոգված է ՀՀ-ում գոյություն ունեցող այս իրավիճակով

Հոկտեմբեր 19,2017 14:14

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հոկտեմբերի 19-ին Ստրասբուրգում քննարկվեց մայիսի 14-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների մասին զեկույց:

ԵԽ փաստահավաք առաքելությամբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանում գտնվող պատվիրակները բացի այն, որ փաստաթղթում դրական են համարել ընտրությունների անխաթար և լավ կազմակերպվածությունը, նաև մի շարք մտահոգություններ են հայտնել: Զեկույցի հեղինակը Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Լիզա Անսալան է: Սակայն քիչ առաջ Ստրասբուրգում Կոնգրեսի լիագումար նիստին զեկույցը ներկայացրեց Բելգիայի ներկայացուցիչ Լուկ Մարթենսը:

Նա հայտարարեց, թե իհարկե, տեխնիկական վերազինումը թույլ տվեց Հայաստանին լավ կազմակերպված և մեկ քայլ առաջ ընտրություններ կազմակերպել, սակայն գոյություն ունեցող մի շարք մտահոգություններ շարունակվում են պահպանվել. «Մենք ընդունում ենք, որ ՀՀ իշխանությունները քայլեր ձեռնարկում են խնդիրների լուծման համար, բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ միայն վերազինումը չի կարող բոլոր մարտահրավերներին դիմակայել: Կան մտահոգության լուրջ առարկաներ, որոնք շարունակում են մնալ. վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք, ճնշումներ: Սա նոր ֆենոմեն չէ և հատկապես աղքատության բարձր մակարդակ և գործազրկություն ունեցող շրջանակներում այն լուրջ տարածում ունի և կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա: Ուստի ՀՀ իշխանություններին կոչ ենք անում այս հարցերի վերաբերյալ պատշաճ հետաքննություն իրականացնել»:

Պարոն Մարթենսը հատուկ շեշտադրում կատարեց նաև Հայաստանում հանրության շրջանում գոյություն ունեցող քաղաքական ապատիայի վրա: Այնուհետև ասաց, թե իրենց զրույցները հայ երիտասարդների հետ ցույց են տվել, որ նրանցից շատերը Հայաստանում հեռանկար չեն տեսնում, այդ պատճառով էլ ցանկանում են լքել երկիրը: Թեև պարոն Մարթենսն այս համատեքստում նշեց, որ իշխանությունները ցանկանում են բարեփոխումներ կատարել, ինչը ՀՀ-ի պարագայում գովելի է:

Գերմանացի պատվիրակ Կալսթերն էլ զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում բարձրացրեց ընտրացուցակների մաքրման հարցը. «Շատ մարդկանց անուններ շարունակում են մնալ ընտրողների ցուցակում, թեև նրանք ապրում են արտերկրում: Սա էլ հանգեցնում է նրան, որ արտերկրում բնակվող անձը կարող է ընտրությունների ընթացքում քվեարկել»:

Պարոն Մարթենսի՝ հատկապես քաղաքական ապատիայի վերաբերյալ դիտարկմանն արձագանքեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նա հայտարարեց՝ անկախ նրանից իրենք համամիտ են, թե՝ ոչ զեկույցի եզրակացությունների հետ, միևնույն է, կարևորում են այդ փաստաթղթի գոյությունը: Իսկ քաղաքական ապատիայի մասին այսպիսի պատճառաբանություն ներկայացրեց. «Քաղաքական ապատիան Հայաստանում հիմնական խնդիրը չէ, ուղղակի Երևանի ավագանու ընտրություններից երկու շաբաթ առաջ անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, ինչն այս պարագայում կարող էր լուրջ ազդեցություն ունենալ»: Բայց նա նկատեց, որ «խորհրդարանական ընտրությունների համեմատ ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական լանդշաֆտն էականորեն փոխվել էր: Խորհրդարանական ընտրություններին մասնակցած երկու կուսակցություններ չմասնակցեցին ավագանու ընտրություններին, մինչդեռ այս դեպքում ընտրություններին մասնակցեց նոր ստեղծված ընդդիմադիր կուսակցություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031