«Ընդհանրապես ցանկացած մեկին առնվազն 5 արժանի հետեւորդ կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին`ո՞վ է իրեն փոխարինելու ՍԴ նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, 2018 թվականի մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը եւ ՀՀ օրենսդրության համաձայն, Գագիկ Հարությունյանը պետք է թողնի պաշտոնը: Նա Սահմանադրական դատարանը ղեկավարում է արդեն 20 տարի`ստեղծման օրից:
Գագիկ Հարությունյանը, սակայն, չհստակեցրեց`թե ովքեր են այն հինգ անձինք, որ կարող են լինել իր հետեւորդները: Հիշեցնենք, մամուլում վերջին շրջանում շրջանառվում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի անունը:
Լրագրողներից մեկը նկատեց, որ 2018 թվականին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը եւ ավարտվում են նրա նախագահական լիազորությունները: Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են ստեղծում, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել. իրավացի՞ չեն այն անձինք, ովքեր պնդում են, որ Սերժ Սարգսյանը չի խախտի նոր Սահմանադրության դրույթները, սակայն փաստացի երրորդ անգամ ստանձնելու է պետության ղեկը`վարչապետի պաշտոնում: «Դա համարում եմ պարապ խոսակցություն, Սահմանադրական ճգնաժամ եթե լինում է, այդ ճգնաժամը հաղթահարման հնարավորություններ ունի։ Հայաստանում ես այսուհետև բացառում եմ Սահմանադրական ճգնաժամը, որովհետև այս լիազորությունները հնարավորություն է տալիս ցանկացած սուբյեկտի դիմել Սահմանադրական դատարան և ստանալ լիարժեք պատասխան, այնպես որ ճգնաժամեր չեն լինելու»,- պատասխանեց Գագիկ Հարությունյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ