Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ. կողմերն այսօր շատ ավելի հեռու են խաղաղության համաձայնագրից, քան երբևէ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 12:25

Հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ նախկին համանախագահ (1999-2001) Քերի Քավանոն, 2013-2016թթ. համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Միջազգային ճգնաժամային խմբի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մագդալենա Գրոնոն:

Քննարկման ընթացքում Մագդալենա Գրոնոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է նորից բռնկվել, ինչը կհանգեցնի մարդասիրական լուրջ հետևանքների: Նրա խոսքով՝ այդ պարագայում հակամարտության մեջ կարող են ներգրավվել տարածաշրջանի երկրները՝ Ռուսաստանը և Թուրքիան, Իրանը և անգամ Վրաստանը՝ հաշվի առնելով, որ այնտեղ ապրում են հայ և ադրբեջանցի փոքրամասնություններ:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Գրոնոն գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից՝ նշելով, սակայն, որ հստակ չէ՝ ինչ փոփոխությունների այն կհանգեցնի:

«Կողմերի միջև վստահություն չկա, վստահություն չկա նաև բանակցային գործընթացի նկատմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ կողմերը հեռու են փոխզիջումներից:

Իր հերթին Քերի Քավանոն նշել է, որ Արցախյան հակամարտությունը սառեցված չէ, այլ «հալված և շատ վտանգավոր հակամարտություն է»: Նրա խոսքով՝ կողմերն այսօր շատ ավելի հեռու են խաղաղության համաձայնագրից, քան երբևէ, իսկ նման իրավիճակն առաջացել է տարածաշրջանում զենքի հռետորաբանության աճի հետևանքով:

Քավանոն նշել է, որ այդ հակամարտությունը վաղուց դարձել է միջազգային ուշադրության թեմա, այնուամենայնիվ, «1987թ. հետո ԱՄՆ ոչ մի նախագահ չգիտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»:

Ջեյմս Ուորլիքն իր հերթին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն այն հարցերից մեկն է, որի շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը համագործակցում են:

«Ռուսաստանը կենտրոնական դերակատար էր 2016թ. ապրիլին: Կարծում եմ, որ Ռուսաստանը միշտ էլ կենտրոնական դերակատար կմնա»,- ասել է Ուորլիքը:

Դիվանագետն իր խոսքում նաև կարևորել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը փոխկապակցված են, հետևաբար պետք է հարգել ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031