Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. Մալաթիա համայնքում, ինչպես բնակիչներն են ասում՝ Բանգլադեշում, Անդրանիկի փողոցի վրա ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում: Այստեղ որոշ դեղատների միջեւ ընկած տարածությունը հազիվ 30 կամ 50 մետր է:
Կարելի է ենթադրել, որ Բանգլադեշի բնակիչները վատառողջ են, ու դեղերի մեծ պահանջարկ կա, որ կողք կողքի այսքան դեղատներ կան:
Դեղերի բիզնեսով զբաղվող մեր աղբյուրը բացահայտեց գաղտնիքը. դեղատան բիզնեսով զբաղվողները, հիմնականում մեծ փողեր ունեցողները, իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, եւ եթե անգամ վնասով են աշխատում, դա հետագա շահույթի համար է: Այսինքն՝ սրանք որոշ ժամանակ մի փոքր ցածր գներով են դեղերը վաճառում, եւ ի վերջո կողքի դեղատունը կորցնում է հաճախորդներին, վնասներ կրում ու փակվում: Արդյունքում եւս վնասով աշխատող գործարարը, որը հարեւան դեղատան կողքին իր դեղատունն էր բացել, շահում է: Մրցակցին «վերացնելու» համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն:
Այնպես որ, դեղատների շուկան դաժան է:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
19.10.2017