Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետժնևյան զարգացումներ՝ ժամանակի գործոնի հաշվառմամբ. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 19,2017 11:13

Թեպետ հոկտեմբերի 16-ին Ժնեւում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններից հաշված օրեր են անցել, սակայն արդեն իսկ ակնհայտ են դառնում ինչպես տեղի ունեցածի հանդեպ միջազգային հետաքրքրության մեծացման, այնպես էլ երկկողմ լարվածության թուլացման իրողությունները։

Ավելի քան ակնհայտ է, որ հանդիպման արդյունքները դրական են գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից սկսած մինչեւ տարածաշրջանի հարցերով հետաքրքրվող վերջին փորձագետը։ Իսկ ահա Ժնեւից հետո սպասվող զարգացումները հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, որը փորձում է հասկանալ, թե որքանո՞վ են լուրջ հետագա առաջընթացի սպասումները, որոնք կապվում են արդեն երկու երկրների արտգործնախարարների առաջիկայում սպասվող հանդիպման հետ։

Այս ամենն, անշուշտ, մեծացրել է հետաքրքրությունը Ժնեւում քննարկված հարցերի հանդեպ, որովհետեւ ընդունված հայտարարության մեջ խոսվում է ընդամենը բանակցություններն արագացնելու եւ ռազմաճակատի շփման գծում տիրող վիճակը կայունացնելու անհրաժեշտության մասին։

Ժնեւն ընդամենը ամրագրել է ադրբեջանական կողմի՝ բանակցությունները վերսկսված տեսնելու ցանկությունը, եւ հայկական կողմի՝ խաղաղության պահպանման մեխանիզմների հստակեցման հարցը, բայց չի կոնկրետացրել, թե ի՞նչ է լինելու այդ ամենից հետո։

Երբ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ խիստ ընդհանուր գծերով ներկայացրեց բանակցությունների արդյունքները, Ադրբեջանի քարոզչամեքենան անմիջապես սկսեց մեղադրել նրան ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Նման պարզունակ հիստերիկ արձագանքն ակնհայտորեն որեւէ հիմք չունի, քանզի Սերժ Սարգսյանի արտասանած ընդամենը մի քանի նախադասության մեջ որեւէ գաղտնիք չկար։

Այստեղ առկա առաջին հստակությունն այն է, որ կողմերը, գիտակցելով խնդրի խաղաղ կարգավորման հրամայականը, լուրջ են տրամադրված հետագա բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու հարցում։ Ադրբեջանական կողմին թերեւս դուր չէր եկել Հայաստանի նախագահի երկրորդ հաստատումը, ըստ որի՝ ոչ մի հայ ղեկավար չի համաձայնվի Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում, ուստի այդ հարցում բացառվում է որեւէ զիջում։ Ընդ որում՝ խոսքն ասված էր ոչ թե Արցախի անկախության, այլ ավելի ընդհանուր սկզբունքի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի մասին, որի տարբերակներից մեկը միացումն է Հայաստանին։

Բաքվի նյարդային արձագանքը ցույց տվեց, որ բանակցությունների մեխը հենց այս հարցն է եղել եւ նրա շուրջ թերեւս ինչ-ինչ համաձայնություններ են ուրվագծվել՝ դեռեւս նախնական, բանավոր տեսքով։ Հակառակ պարագայում ինչու էր Ադրբեջանի քարոզչամեքենան կաշվից դուրս գալիս հերքելու նման տարբերակի գոյությունը։

Ուշադրության է արժանի նաեւ, որ այս անգամ բանակցությունների հանդեպ իր հստակ ու աներկբա դիրքորոշումը հայտնեց Արցախը, որտեղ համոզված են. առանց իրենց մասնակցության, այսինքն՝ միայն Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով, հնարավոր չէ հասնել կոնկրետ պայմանավորվածության եւ իրականություն դարձնել դրանք։

Եվ այստեղ որոշակի ու հստակ տրամաբանություն կա՝ 1994-ին կողմերի ստորագրած կրակի դադարեցման ու զինադադարի մասին համաձայնագիրը եռակողմ բնույթ ունի, ուստի իրավական առումով այն կարող է փոխակերպվել միայն եռակողմ հաշտության պայմանագրի։ Սա այն հստակ սահմանագիծն է, որի գոյությունը միշտ էլ նահանջի տեղ է թողել հայ դիվանագիտության համար։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031