Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են խրախուսում սոցիոպատիան

Հոկտեմբեր 19,2017 10:04

Անցած շաբաթ հարձակում է տեղի ունեցել «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկի վրա: Հարձակվողները ծեծել են պահակներին եւ այրել են պահակակետը: Ինչպես եւ ցանկացած այս կամ այն չափով հնչեղություն ունեցող հանցագործության դեպքում, այստեղ նույնպես արդարացնողներ եղան՝ «ուրիշ ելք չունեին», «ռեժիմն է ստիպել», «բա ի՞նչ անեն խեղճ մարդիկ» եւ այլն: Այնինչ պարզ է, որ իրենց տները տաքացնող սովորական գյուղացիները Դիլիջանում խնդիր չունեն՝ անտառում գետնին լիքը փայտ կա: Հարձակումը գործել էին մարդիկ, որոնք ցանկանում են ծառեր կտրել վաճառքի համար, եւ նրանց դա հիմա չի թույլատրվում: Այժմ «փայտի մաֆիան» միտինգներ եւ հարձակումներ է կազմակերպում՝ սրտաճմլիկ կարգախոսներով:

Բայց այդ պոպուլիզմին մեծ մասամբ հավատում են, որովհետեւ չեն հավատում իշխանություններին: Հայաստանում դա իսկապես խնդիր է՝ ոչ միայն այս, այլեւ բոլոր, այդ թվում՝ կոմունիստական իշխանությունների պարագայում: Հիշո՞ւմ եք՝ «լավ եմ անում, լույս եմ գողանում (2 կոպեկանո՛ց-Ա. Ա.), բա որ նրանք իրենց Ցեկաներում…»: Պարզապես այն ժամանակ ֆեյսբուք չկար, իսկ տաքսիստները խոսում էին հիմնականում ֆուտբոլից եւ Զեյնաբ Խանլարովայի համերգներից: Հանցագործությունները արդարացվում էին տանը՝ խոհանոցային խոսակցությունների ժամանակ:

Հիմա ամեն ինչ «ազատ է», եւ արդարացվում են ոչ միայն հանցագործությունները (եթե դրանց մեջ «հակաիշխանական» տարր կա), այլեւ ցանկացած հակասոցիալական դրսեւորում: Պատկերացրեք, որ Հայաստանում որեւէ իշխանավոր ասի՝ «ուտելուց առաջ ցանկալի է ձեռքերը լվանալ»: Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունենալու: Ի՞նչ արձագանք են տալու տաքսիստներն ու ֆեյսբուքիստները: «Արա, էս ինչ են ուզում էս խեղճ ժողովրդից, մի հատ թեթեւ հնարավորություն ունեինք՝ կեղտոտ ձեռքերով հաց ուտեինք, դրանից էլ են ուզում մեզ զրկեն», «Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ», «Էդ սաղ Սվիտալսկին է ասում, որ մենք մեր ազգային դիմագիծը կորցնենք», «Դուք հըլը մտածեք էս մարդկանց նորմալ աշխատավարձ տալու մասին, հետո ձեռքերը լվալ պահանջեք», «Մարդիկ հացի փող չունեն, ի՞նչ մաքուր ձեռքեր», «Հաստատ կառավարությունից մեկը սապոնի ցեխ ա դրել, ուզում ա փող աշխատի» եւ այլն:

Ենթադրում եմ, որ սոցիոպատիայի նման դրսեւորումներ ունեն ոչ միայն հայաստանցիները՝ դա համամարդկային երեւույթ է: Պարզապես մեր քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, հոգեւորականները, լրագրողները, բլոգերները հիմնականում նպաստում են, խրախուսում են այդ մտածողությունը՝ դրա կրողներին դուր գալու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եւ այդ նույն լրատվամիջոցները,ՀԿ-ները,տաքսիստները Եվրամիություն են ձգտում…

  2. Artur Lazarian says:

    Այսօրուայ հումորները շատ լաւն էին

    Ասում է. «Հաստատ կառավարութիւնից մէկը սապոնի ցեխ ա դրել» 🙂 🙂

    Հաճելի օր բոլորիդ,,

  3. Լավատես says:

    Նորակոչիկն էլ է ծառայության սկզբնական օրերին նվնվում, բայց երդում տալուց հետո նրան զենք են վստահում, սովորեցնում ու դաստիարակում որպես իսկական զինվորի: Քանի դեռ մեր ժողովուրդը նորակոչիկ ազգի կարգավիճակում է, նա բնական է պետք է նվնվա, վատն այն է, որ քաղաքացի դառնալու պահին Մարդ անհատը երդում չի տալիս, բնական է նրան ոչ մի քաղաքացիական զենք՝ ասենք ընտրելու իրավունք չեն տա, որովհետեւ ոչ սովորեցնող կա, ոչ էլ դաստիարակող, ավելի ճիշտ կան հակասովորեցնողներ ու հակադաստիարակողներ՝ բարձր գնահատականներ են դնում չիմանալու դիմաց, իսկ հեռուստացույցը հակադաստիարակում այլասերում է: Մի՞գուցե ժամանակն է մենք էլ մե՛ր հայ ազգային կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները ստեղծենք մեր մաքուր հայ մարդկանց փողերով ու ուժային ու գաղափարական աջակցությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031