Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեհրիբան Ալիեւան փորձում է ամուսնուն պաշտոնա՞նկ անել

Հոկտեմբեր 19,2017 16:00

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Ժնեւի բանակցությունները պետք է գնահատել Արցախի ԱԳՆ արձագանքի համատեքստում:

– Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Ի՞նչ հիմք ուներ ՀՀ նախագահի լավատեսությունը, երբ հայտարարվում էր շփման գծում լարվածությունը թուլացնելու ջենտլմենական պայմանավորվածության եւ Ալիեւի` դա իրագործելու պատրաստակամության մասին, եթե նկատի ունենանք, որ ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ իբր խուսափողական կեցվածքի համար: Ինչ-որ բա՞ն է փոխվել: Ի դեպ, երեկ, նախագահների հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը մեղադրեց Սերժ Սարգսյանին պայմանավորվածությունը չպահելու եւ հայտարարությամբ հանդես գալու համար, մինչդեռ որոշվել էր հանդիպման արդյունքները գաղտնի պահել:

– Հանդիպման նախօրեին ես չափավոր լավատեսություն էի արտահայտել, որ հնարավոր է՝ Ալիեւը համաձայնի շփման գծում լարվածությունը թուլացնելու ինչ-որ միջոցառումների: Ուրախ եմ, որ չեմ սխալվել: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ վաղը նման քայլեր ձեռնարկվելու են: Նման վստահություն ոչ ոք չունի: Եվ նախագահ Սարգսյանն էլ ասել է՝ «տա Աստված», որ այդպես լինի: Այս պահին կարեւորը կառուցողականության ֆոնն է: Թե ի՞նչ կհետեւի դրան՝ ցույց կտա ժամանակը:

Նովրուզ Մամեդովի թվիթերյան գրառման մասին կարելի է ասել, որ դրանով Բաքուն հաստատում է, որ Ժնեւում ԼՂ հարցը քննարկվել է այն կտրվածքով, ինչպես Հայաստանի նախագահը ներկայացրեց շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Մամեդովի մտավարժանքները ներքին լսարանի համար են:

– Ուշագրավ էր, որ թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում խոսք չկար Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կամ դրանց կատարման անհրաժեշտության մասին: Միայն Արցախի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ փաստեց այդ պայմանավորվածությունների ու դրանց կատարման պարտադիր լինելու մասին: Ինչո՞ւ:

– Երբ խոսվում է շփման գծում լարվածությունը թուլացնելու միջոցառումների շուրջ համաձայնության մասին, կարծում եմ՝ պարտադիր չէ, որ շեշտվի, թե դրանք իրականացվելու են ի կատարումն Վիեննայի պայմանավորվածությունների: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ավելի խորքային շեշտադրում կար՝ հղում 1994-95 թվականների պարտավորությունների կատարմանը: Դա շատ սկզբունքային դիրքորոշում է, որով փաստվում է ԼՂՀ սուբյեկտությունը, քանի որ խոսքը եռակողմ համաձայնությունների մասին է: Դրանից էլ ածանցվում է վերջին ընդգծումը, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը, եւ Արցախը պետք է դառնա գործընթացի բոլոր փուլերի իրավահավասար մասնակից: Այս կոնստատացիային պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնել եւ Ժնեւի բանակցությունները գնահատել Արցախի ԱԳՆ արձագանքի համատեքստում:

– Նախագահների հանդիպման մասին ադրբեջանական մամուլի հրապարակումներում կարմիր թելի նման անցնում է այն թեզը, որ Հայաստանը ետ է կանգնել նախապայմաններից: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման կոշտացումը պայմանավորված էր նաեւ հենց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից պարտադիր կատարմամբ: Արդյոք սա Հայաստանի համար հետքայլ չէ՞:

– Ադրբեջանական կողմը ֆրուստրացիայի մեջ է: Եթե այդ երկրում լիներ կազմակերպված ընդդիմություն եւ ազատ մամուլ, ապա Ալիեւին կգամեին անարգանքի սյունին, կհիշեցնեին Ժնեւին նախորդած հոխորտանքները եւ նրա պահվածքը արդեն բանակցությունների ընթացքում: Իսկ ձեր նշած հրապարակումները հասցեագրված են ադրբեջանական հասարակության չիրազեկված հատվածին: Իրականում Ադրբեջանում կան փորձագետներ, որ Ժնեւի հանդիպման շուրջ կասկածներ ունեն, թե մինչեւ ո՞ր գիծն է նահանջել Ալիեւը: Մասնավորապես խիստ ուշագրավ մեկնաբանություն է արել «Թուրան» գործակալությունը՝ ընդգծելով, թե «դժվար է ենթադրել, որ պետության ղեկավարը համաձայն է Սարգսյանի հետ, բայց նրա ընտրած լռությունն էլ լավագույն տարբերակը չէ»: Ադրբեջանի նման տոտալիտար երկրի մամուլում ավելին ասել հնարավոր չէ, բայց հասկացողը գիտի, թե ակնարկն ինչի մասին է: Խոսքը վերաբերում է Արցախի վերջնական կարգավիճակին:

– Ամփոփելով այս հանդիպման արդյունքները՝ կարելի՞ է փաստել, որ բանակցությունները նոր տողից են սկսվում: Արդյոք իրավացի չե՞ն այն գործիչները, ովքեր այս հանդիպումը որակում են իբրեւ Հայաստանի պարտություն:

– Եթե կա մի գործիչ, որ Ժնեւը համարում է «Հայաստանի պարտություն», ապա ինձ թույլ եմ տալիս ասել, որ նա քաղաքականությունից առհասարակ եւ ԼՂ բանակցություններից քիչ է հասկանում: Ինչ վերաբերում է «բանակցությունները նոր տողից սկսելուն», ապա՝ ոչ, դա ստույգ տպավորություն չէ: Ժնեւը կարելի է անվանել հանգրվանային: Այստեղից կարող է սկսվել որոշումների ընդունման քննարկումների գործընթաց: Ադրբեջանը կորցրել է ռազմական ուժով խնդիրը լուծելու վերջին պատրանքները եւ պարտադրված է գնալ քաղաքական կարգավորման: Իսկ խաղաղ բանակցային ցանկացած հանգուցալուծում Ալիեւի ռեժիմի եւ, այսպես կոչված, «նոր ադրբեջանիզմի» պարտությունն է: Հնարավոր է՝ դա տեղի ունենա Ադրբեջանում իշխանությունը ժառանգորդին փոխանցելու ճանապարհով: Վերջին շրջանում Ալիեւի վրա մեծ է Մեհրիբան Ալիեւայի ազդեցությունը:

– Երեւանում մտահոգություններ են հնչում, որ Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում հասնել նրան, որպեսզի ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի, այսինքն՝ ձգտում են Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումն արմատապես փոխել: Հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի հաջողությունը:

– Այդ մասին ես չեմ կարող կոմպետենտ մեկնաբանություն անել, քանի որ իրազեկված չեմ: Բայց ընդհանուր առմամբ, թվում է, Ադրբեջանը փորձում է ԼՂ խնդիրը փաթեթավորել Կատալոնիայի հանրաքվեի շուրջ եվրոպական հանրության վերաբերմունքով: Դա ցանկություն է, որը չեմ կարծում, թե հաջողության հեռանկար ունի: Եվրոպացիները բավական կոնսերվատիվ են, եւ մեկ անգամ արված արձանագրումը դժվար թե փոխվի: Իհարկե, սրանից չի հետեւում, թե Հայաստանն անելիք չունի: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ հայկական դիվանագիտությունն ամենօրյա ջանքեր գործադրում է եւ իրավիճակը պահում վերահսկելիության ռեժիմում:

– Ընդհանրապես վերջին շրջանում Իլհամ Ալիեւը վերջնագրերով է խոսում եվրոպական պետությունների հետ: Անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ի՞նչ է թաքնված այս ամենի տակ:

– Դա ճիշտ ընկալում չէ, Ալիեւը Եվրոպայի հետ չի կարող վերջնագրի լեզվով խոսել: ԵԽ-ից Ադրբեջանը չի հեռանա: Նրան կարող են հեռացնել կամ զրկել ձայնի իրավունքից: Կարող է արտառոց թվալ, բայց ես տպավորություն ունեմ, որ Ալիեւի դեմ շատ նրբորեն աշխատում է Մեհրիբան Ալիեւայի թիմը՝ ներսում եւ դրսում: Ադրբեջանը մտել է նախագահի ընտրության ռեժիմի մեջ: Կան հզոր խմբավորումներ, որ այդ պաշտոնում տեսնում են Մեհրիբան Ալիեւային: Ահա նրանք էլ ամեն ինչ անում են, որ Ալիեւը քշվի անկյուն, դառնա միջազգայնորեն պերսոնա նոն-գրատա, ստիպված լինի իշխանությունը հանձնել:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031