Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստի մեջ գտնվածի նկատմամբ առկա է եղել խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը

Հոկտեմբեր 19,2017 14:30

Քաղաքացին շարունակել է մնալ հետախուզման մեջ, անտեղյակ, որ կար հետախուզումը դադարեցնելու մասին որոշում

Վրաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Կիրակոսյանի կողմից ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2011թ. աշնանային զորակոչից խուսափելու դեպքի առթիվ 2012թ. փետրվարի 10-ին Մասիս քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր թիվ 44102512 քրեական գործը:

2012թ. մարտի 5-ին Կարեն Կիրակոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Կարեն Կիրակոսյանի շահերի պաշտպան Ղեւոնդ Պապոյանի տեղեկացմամբ, 2015թ. փետրվարի 19-ին քննչական ենթակայության կարգով քրեական գործը կասեցված վիճակում ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժին: 2017թ. օգոստոսի 21-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ. Հարությունյանի 2017թ. սեպտեմբերի 4-ի գրությամբ Ղ.Պապոյանին տեղեկացվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետախուզումն իրականացնող մարմնին հանձնարարվել է դադարեցնել Կարեն Կիրակոսյանի հետախուզումը:

«Նշված գրությունը ստանալուց հետո ես գրեթե երկու օրը մեկ, մինչեւ 2017թ. սեպտեմբերի 28-ը զանգահարել եմ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ տեղեկանալու համար, թե արդյոք ստացե՞լ են իմ վստահորդի` Մասիս քաղաքի բնակիչ Կարեն Կիրակոսյանի հետախուզումը դադարեցնելու մասին որեւէ որոշում կամ գրություն: Ինձ պատասխանել են, որ Կարեն Կիրակոսյանի հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն ստացել: Փաստորեն, 04.09.2017թ.-ից մինչեւ 28.09.2017թ. Կարեն Կիրակոսյանի հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունը հետախուզումն իրականացնող մարմին` ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, չի ստացվել, որի արդյունքում անօրինական հիմքով Կարեն Կիրակոսյանը 2017թ. սեպտեմբերի 4-ից մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ, խախտվել է Կ. Կիրակոսյանի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասում է փաստաբան Ղ. Պապոյանը: Ի դեպ, նա հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ըստ փաստաբանի, Կարեն Կիրակոսյանի հետախուզումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունը ժամանակին հետախուզումն իրականացնող մարմին` ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին չհասնելու հետ կապված պատասխանատու անձանց արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված պաշտոնական անփութության կամ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներ: Նա գլխավոր դատախազին ուղղված հաղորդմամբ խնդրում է լուծել քրեական գործ հարուցելու եւ պատասխանատու անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը:

Դատախազին ուղարկվել էին նաեւ զինվորական դատախազության դատախազ Մ.Հարությունյանի գրության պատճենները:

Ուշադրության արժանի է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ա.Կրկյաշարյանի գրությունը ուղղված փաստաբանին:

Նա հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ Կ. Կիրակոսյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին, սակայն գրությունը վերադարձվել է քննչական բաժին, ըստ քննչական բաժնի պարզաբանման՝ փոստային ծառայության հետ կնքված պայմանագրի խզման պատճառով: Գրությունը կրկին ուղարկվել է Մասիսի բաժին:

Սակայն ի՞նչ մեղավոր է քաղաքացին, ինչո՞ւ նա ինչ-որ փոստային ծառայության պայմանագրի պատճառով զրկված պետք է լինի ազատ տեղաշարժի իրավունքից:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031