Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ամեն տնօրեն մեկ քար դնի, վերջում կունենանք լավագույն պատկերասրահը»

Հոկտեմբեր 19,2017 14:00

Ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի, 40-50 տարվա ընթացքում կուտակված խնդիրներ կան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը 2015թ.-ից է պաշտոնավարում: «Առավոտի» հետ զրույցում տնօրենը պատմեց, թե ինչ նախագծեր ունեն եւ ինչպիսի նշաձող են սահմանել:

«Ասել, որ ամեն ինչ լավ է եւ գեղեցիկ, այդպես չէ, Հայաստանի ազգային պատկերասրահը բազում խնդիրներ ունի, որոնք կուտակվել են քառասուն-հիսուն տարիների ընթացքում…Ազգային պատկերասրահի հիմնական խնդիրը մեր ժառանգության պահպանությունն է ու քարոզելը, նաեւ մեծ խնդիր ունենք ֆոնդապահոցների, որոնց առումով նախկին տնօրենները եւս մեծ ջանքեր են դրել: Եվ եթե ամեն տնօրեն մեկ քար դնի, վերջում կունենանք լավագույն պատկերասրահը», – ասում է մեր զրուցակիցը:

Նա փաստեց, որ երբ նոր էր նշանակվել Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, պարզել էր, որ այցելությունների քանակը Հայաստանի մասշտաբով հսկա այս պատկերասրահի համար բավականին քիչ է` 80- 100-120 այցելու: Նրա ձեւակերպմամբ, մի քանի տասնյակ տարի առաջ ներդրված զբոսաշրջության խորհրդային համակարգը իրեն սպառել էր, ու ստիպված են եղել քայլեր ձեռնարկել. «Որեւէ մեկը չէր փորձել լուրջ բանակցել տուրիստական ընկերությունների հետ, իսկ մենք հիմա այդ աշխատանքը տանում ենք: Մենք հատուկ տուր կազմակերպեցինք տուրիստական կազմակերպությունների համար, հայտարարեցինք, որ պատրաստ ենք զեղչային պայմաններով աշխատել իրենց հետ եւ ահա, արդեն քաղում ենք այդ ամենի պտուղները: Բայց դա բավարար չենք համարում: Ունենալով 40000 ցուցանմուշ, մենք ցուցադրում ենք ընդամենը 3500-ը: Դա շատ քիչ է: Այդ ուղղությամբ էլ պետք է ձեռնարկներ իրականացնել: Իմիջիայլոց, Հայաստանի ազգային պատկերասրահը դեկորատիվ կիրառական զարդարվեստի եզակի նմուշներ ունի, որոնք երբեք չեն ցուցադրվել, եւ հիմա նախատեսում ենք նաեւ դա իրականացնել: Մեր արտաբյուջեի գրեթե ամբողջ վաստակած գումարը դնում ենք մեր ցուցասրահների վերանորոգման վրա, վերանայում ենք ցուցադրության կոնցեպցիան, որը երեւի քառասուն-հիսուն տարվա է: Առաջիկայում գիտխորհրդի նիստ կհրավիրենք, որպեսզի այդ թեմայով անվանի արվեստագետներն էլ կարծիք հայտնեն»:

Պատկերասրահի տնօրենը ցանկություն հայտնեց, որ Տրետյակովյան պատկերասրահի նման Հայաստանի ազգային պատկերասրահն էլ նոր մասնաշենք ու հավելյալ տարածքներ ունենա: «Մեր շատ անվանի արվեստագետներ գալիս-խնդրում են, որ իրենց ցուցահանդեսը պատկերասրահում լինի, ես ասում եմ, որ մեր առաքելությունը դա չէ, մենք առաջին հերթին թանգարան ենք ու չենք կարող բացել մեր դռները բոլորի համար: Մյուս կողմից էլ` իսկ որտե՞ղ ցուցադրվեն այդ մարդիկ, Նկարիչների միությունում հազիվ 5-10 օրով ցուցահանդես են անում, մինչդեռ աշխարհում ընդունված է, որ ցուցահանդեսները չորս-հինգ ամիս տեւեն»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արման Ծատուրյանից տեղեկացանք, որ պատրաստվում են Պիկասոյի ցուցադրություն անել եւ նրա գլուխգործոցներից բերել Հայաստան. «Բանակցում ենք Իրանի հետ: Շատ քչերը գիտեն, որ մեր հարեւան երկիրն ունի գլուխգործոցների աշխարհում 6-րդ հավաքածուն, եւ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը լավագույններից մեկն է»:

Նա անդրադարձավ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի միջոցառումներին եւ մասնավորապես՝ բացառիկ ցուցահանդեսին: Ասաց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որեւէ ցուցահանդես, որը մեկ ամսում 15000 այցելու ունենա, այն էլ վճարովի: Ի դեպ, մեկ ամսում վաճառել են 14 մլն 940000 դրամի տոմս: Մոտավորապես այնքան, որքան վաճառվում է մեկ տարվա ընթացքում: Աշխատակազմն այնքան ոգեւորված է, քանի որ չեն հիշում, թե վերջին անգամ երբ են նման հերթեր եղել:

Պատկերասրահի տնօրենն ասաց, որ մի տեսակ հաղթողի հոգեբանություն ունեն եւ արդեն նշաձող են սահմանել իրենց համար. «Էդգար Շահինի (ֆրանսահայ նկարիչ, XX դարի փորագրության նշանավոր վարպետներից-Գ.Հ.) ցուցադրություն պետք է անենք, աշխատակիցներն ասում են, որ Այվազովսկու կատալոգից պակաս կատալոգ չպետք է հրատարակենք»: Արման Ծատուրյանի խոսքերով՝ հաղթանակը գոյացել է համալիր միջոցառումների ու ջանքերի արդյունքում` գրագետ PR, մարկետինգային քաղաքականություն, ասում է՝ լավ վաճառվում է նաեւ հուշանվերային արտադրանքը, օնլայն խանութն էլ ծանրաբեռնված է:

Հետաքրքրվեցինք` կա՞ վիճակագրություն, թե ո՞ր երկրից ինչքան այցելու ունեն: Պարզվեց՝ 70%-ը Ռուսաստանի Դաշնությունից են, 30%-ը՝ Եվրոպայից, Իրանից` ավելի քիչ:
Ճշտեցինք նաեւ, որ բավականին շատ աշխատանք է տարվել անվտանգության առումով, բոլոր պահոցները պաշտպանված են, 76 տեսախցիկ է տեղադրված, այցելուները հնարավորություն ունեն պահատուփերում թողնել իրենց իրերը, ճամպրուկները: Առաջիկայում կփոփոխվի նաեւ կայքը:

Արման Ծատուրյանն ասաց, որ ցանկանում են փորձնական ծրագիր իրականացնել Բելառուսի գործընկերների հետ, որը միտված է ժամանակակից նկարիչներին դրսում հանրահռչակելուն. «Ուզում ենք ինչ-որ մաս մեր Ազգային պատկերասրահի հավաքածուից տանել, ինչ-որ մաս ժամանակակից նկարիչներից, որոնց ընտրությունը դժվար է լինելու…»:

Տնօրենը նաեւ հավելեց, որ ծանրաբեռնված աշխատում է իրենց կրթական բաժինը, մտադիր են առաջիկայում բացել թանգարանային մանկավարժության մանկական կենտրոն, այժմ հովանավորներ են փնտրում՝ թեկուզ վարձակալությամբ մոտակայքում տարածք վերցնելու համար:

Պատկերասրահում` հուշանվերային արտադրանքի կողքին, աշխարհի այլ պատկերասրահների օրինակով նաեւ փոքրիկ սրճարանային հատված կլինի մյուս տարվանից: Այնտեղ միայն սուրճ ու ջուր է վաճառվելու, տնօրինությունը ցանկանում է, որ դա նաեւ արվեստագետների հանդիպման մտերմիկ վայր դառնա, մթնոլորտ ձեւավորվի:

Գիտական մասին էլ անդրադարձ եղավ: Արման Ծատուրյանն ասաց, որ աշխատում են հայտնի կուրատորների հետ, վերջերս իտալերենից հայերեն են թարգմանել նրանցից մեկի` Դեմետրիո Պապարոնիի «Գեղեցիկը, չարը, բարին արվեստում» վերնագրով գիրքը: «Արվեստի էվոլյուցիան է նկարագրում, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունեցել դրսում, բացատրում է, թե ինչպես են ծնվել Կանդինսկիները, Շագալները, եւ դա միայն խորհրդային գրքերով չէ, որ պետք է սովորել: Դրա համար էլ ազգային պատկերասրահը ստանձնեց այդ գրքի հրատարակությունը, որպեսզի այն հասանելի լինի արվեստի բուհերի ուսանողներին, արվեստագետներին ու արվեստաբաններին: Նաեւ պատրաստվում ենք զարգացման 5 տարվա ծրագիր գրել, քանի որ նպատակ ունենք հայ կերպարվեստը միջազգային շուկա հանել»,- ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031