Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սփյուռքը չհետաքրքրվի Հայաստանով, տոլմա՞ է ուտելու, ինչ է»

Հոկտեմբեր 19,2017 13:30

Ֆրանսահայ հայտնի սրտաբան Ավետիս Մատիկյանը շեշտում է, որ անվճար առողջապահություն չկա ոչ մի երկրում

Վերջերս կայացած Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի շրջանակում Երեւանում էր ֆրանսահայ հայտնի սրտաբան, «Հայ -Ֆրանսիական առողջապահական շարժում» կազմակերպության հիմնադիրներից Ավետիս Մատիկյանը: «Կարծում եմ, որ հայ կոլեգաների համար հետաքրքիր է փոխանակել իրենց փորձը եւ միաժամանակ տեսնել, թե ինչ է կատարվում ուրիշ տեղ: Նպատակը մարդկանց միմյանց հետ հանդիպեցնելն է»,- ասաց մեր զրուցակիցը` կարեւորելով համաժողովի անցկացումը:

Սրտաբանն ասաց, որ սիրտ-անոթային հիվանդությունները ավելի շուտ են «խփում» Հայաստանի, քան մյուս երկրների ժողովուրդներին` տարբեր պատճառներով ու գործոնների ազդեցությամբ: Պատճառների թվում են ոչ ճիշտ սնվելը, ծխախոտի չարաշահումը, ճնշումը չբուժելը, շատ աղի ուտելը, ֆիզիկապես չշարժվելը, սթրեսն էլ մեծ դերակատարություն ունի:

Մեր հարցին, որ ՀՀ առողջապահության նախարարը վերջերս հայտարարել է, թե շտապօգնությունը պետք է վճարովի դառնա, ինչպե՞ս է պատկերն այդ առումով Ֆրանսիայում, Ավետիս Մատիկյանը պատասխանեց, որ նախարարի ասածը չի ցանկանա մեկնաբանել, բայց նաեւ հավելեց. «Անվճար առողջապահություն չկա ոչ մի տեղ, այդ թվում` ոչ Ֆրանսիայում, ոչ էլ Հայաստանում…Հիմա որ դուք աշխատում եք, վճարվում եք, չէ՞, ես որ աշխատում եմ, վճարվում եմ…Վճարովի հասկացությունը Հայաստանում մի քիչ ձեւափոխված է, կարծում եմ, որ բաներ կան, որ անցյալ ժամանակների իներցիայով են գալիս, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ պետք է անվճար լինի: Որոշ առումով նույն մտայնությունը նաեւ Ֆրանսիայում կա, եթե ապահովագրություն կա, մարդիկ մտածում են, որ ձրի է: Մյուս կողմից էլ՝ մարդկանց վիճակից ելնելով պետք է դիտարկել վճարովի համակարգը: Եթե մարդը միջոց չունի օրվա ապրուստը հոգալու համար, ինչպե՞ս կարող է վճարել այլ բաների համար: Կամ` մարդկանց ասում են մի ծխեք, առողջությանը վնաս է, եթե մարդը սթրեսի մեջ է, եւ ծխելուց հանգստանում է, ինքը վաղվա մասին չի մտածում, դա հոգեբանական պահ է»:

Իսկ ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ սրտաբաններին: «Շարունակեք հետաքրքրասեր լինել, մի սահմանափակվեք ձեր հիվանդանոցով, ձեր քաղաքով, ձեր երկրով, փորձեք տեսնել, թե ինչ է կատարվում այլ երկրներում: Մեր կազմակերպությունը համագործակցում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ: Մեր ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնը Գորիսում վերապատրաստում է օրդինատորների, եւ արդեն մեր առաջին թեկնածուն, որ երեք տարի մեզ մոտ է, գերազանց ավարտեց, ու սրտաբանի դիպլոմ ունի սեպտեմբերից ի վեր: Ես շատ մեծ հույսեր եմ կապում երիտասարդների հետ, որովհետեւ 20-30 տարեկան երիտասարդները մեծ պոտենցիալ ունեն, իրենք պետք է հետաքրքրասեր լինեն, չխաբվեն այն հույսերով, որ ուրիշի արտն ավելի կանաչ է: Չանեն միայն այն, ինչ իրենց շահ է բերում»,-ասաց սրտաբանը:

Ավետիս Մատիկյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե սրտաբանի մասնագիտությունը բարդ է եւ էներգիա խլող, ասաց, որ այն ուղղակի ժամանակ է խլում: Իսկ հանգստանալու լավագույն միջոցն իր համար Հայաստան այցելելն է:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Սփյուռք կապին, անվանի սրտաբանը դա շատ է կարեւորում: «Եթե սփյուռքահայությունը չհետաքրքրվի Հայաստանով, էլ բան չունի անելու, եթե չհետաքրքրվենք, միայն տոլմա՞ ենք ուտելու, ինչ է … Ցավոք, Հայաստանում կան անհատներ, որոնց թվում է, թե Հայաստանից դուրս արտն ավելի կանաչ է, մտածում են, որ կարող են որոշ բաներ հավատացնել եւ անել, դա, իհարկե, դժբախտություն չէ, բայց եւ ճիշտ չէ»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ավետիս Մատիկյանին նաեւ հարցրինք` իր կարծիքով կանա՞յք են ավելի լավ սրտաբաններ, թե՞ տղամարդիկ: «Նայած, թե քանի սրտաբան կա, եթե 100 սրտաբանից 70-ը կանայք են, ուրեմն կանայք են լավագույնը, այդ մասնագիտությունը եւս ֆեմինացված է, միշտ քանակը որակ է տալիս»,-ասաց նա: Զրուցի վերջում կոչ արեց լավատես լինել: Նաեւ հիշեցրեց. «Մեր կազմակերպությունն է Հայաստանում թույլ տվել մտցնել մի նոր տեխնիկա սրտաբանության մեջ, խոսքը ստենտավորման մասին է»:

 

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031