Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը՝ երեխայի աչքերով

Հոկտեմբեր 19,2017 13:00

Նարինե Գրիգորյանի ինքնակենսագրական մոնոդրաման Գրան պրի է շահել Լիտվայում

Մշակույթի տարբեր ոլորտներում քիչ թվով արվեստագետներ կան, որոնք եւ ճանաչված են, եւ, միեւնույն ժամանակ՝ սիրված: Գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ նրանց ստեղծագործության ցանկացած դրսեւորում առաջին բեմելից միանգամից դառնում է ոչ միայն իրենց, այլեւ հանդիսատեսի սեփականությունը: Հանդիսատեսի մոտ էլ նման եզակի արտիստները հիմնականում դրոշմվում են ոչ թե անուն-ազգանունով, այլ հաճախ այս կամ այն կերպարի անունով, ինչու չէ՝ մականունով կամ էլ պարզապես անունով: Մի կարեւոր հանգամանք եւս. հանդիսատեսին չի էլ հետաքրքրում՝ նրանք կոչում ունեն, թե ոչ:

Օրերս «Առավոտը» հյուրընկալել էր դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին, որին հանդիսատեսը նրա առաջին քայլերից, արդեն շուրջ 15 տարի, սիրել է, նույնիսկ «կնքել» Նարինկա անունով: Այս ընթացքում նա տարբեր թատրոններում (տիկնիկային, համազգային, մնջախաղի եւ այլն) հանդես է եկել բազմաժանր կերպարներով՝ Հովհաննես Թումանյանի, Շեքսպիրի, Բրեխտի, Մանյեի, դե Ֆիլիպպոյի, Հերնի, Շվարցի, Ստեֆանի, Շմիթի, Ֆոսսի, Զեյլերի ստեղծագործություններում եւ այլն: Գլխավոր դերերով հանդես է եկել մի շարք ֆիլմերում («Կիսալուսնի ծովածոցը», «Մահվան տեսիլ», «Դիալոգներ» եւ այլն), իսկ մրցանակների պակաս հաստատ չունի: «Արտավազդ», «Հայակ», «Թատրոն X» եւ միջազգային այլ մրցույթ-փառատոներում դերասանուհուն շնորհվել են հնարավոր բոլոր պարգեւները՝ սկսած «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակից մինչեւ «Տարվա լավագույն ռեժիսոր»: Սա միայն հայաստանյան միջոցառումներն են: Արվեստագետը հաղթանակած է եկել նաեւ արտասահմանյան փառատոներից, օրինակ՝ վերջերս Լիտվայի Վիսագինաս քաղաքում 12-րդ անգամ անցկացվող «aTspindys» մոնոդրամայի փառատոնում հայ արտիստին շնորհվել է Գրան պրի մրցանակը:

Տեսարաններ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» բեմադրությունից:

Հետաքրքրությանը, թե 2-3 տարի առաջ նույնպես մասնակցել էր այդ փառատոնին, Նարինե Գրիգորյանն ասաց. «Դա 2014 թվականն էր, ներկայացրի Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ «Dzin» մոնոպիեսը: Բայց քանի որ ավանդական այդ փառատոնում, բացի Գրան պրիից, այլ մրցանակ չկա, ապա չարժանացա մեծ մրցանակին: Հենց հաջորդ տարի Գերմանիայի Քիլ քաղաքում նույն ներկայացման համար շահեցի «Փառատոների նախագահների հատուկ մրցանակ»: Մանրամասնեմ ասածս. քանի որ աստղերին թիվ կա, Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքում անցկացվող մրցույթներին թիվ չկա, ապա ես «Dzin»-ը ներկայացրի ժյուրիի դատին, որի անդամները գերմանական տարբեր փառատոների ժյուրիի նախագահներ են: Ինչ վերաբերում է Լիտվայում կայացած փառատոնին, խաղացի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» պիեսը, որի ռեժիսորը ես եմ, սցենարն էլ գրել ենք Սառա Նալբանդյանի հետ համատեղ: Սա նաեւ ներկայացրել եմ վերջերս կայացած «Արմմոնո» փառատոնի բացմանը, ամռանն էլ՝ Շուշիում: Ի դեպ, նվիրել եմ Արցախի անկախության օրվան»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ստեղծագործության գաղափարը «Արմմոնոյի» տնօրեն Մարիաննա Մխիթարյանինն է:

Այս ներկայացումից հետո, որը հայ-ադրբեջանական պատերազմի մասին է, հանդիսատեսի մոտ սկսեցին տարածվել լուրեր, թե Նարինկան ծնունդով Արցախից է, որտեղից էլ գալիս է նրա՝ գոնե ստեղծագործական ուղուն բնորոշ համառությունը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ դերասանուհին ասաց. «Ծնվել եմ Հրազդանում, բայց արմատներով Արցախից եմ: 1988թ. շարժման օրերին ընտանիքս տեղափոխվեց Արցախ: Այս պիեսը, այո, հայ-ադրբեջանական պատերազմի մասին է՝ երեխայի աչքերով: Հայրիկիս գերի էր վերցրել սովետական օմոնը, Շուշիի բանտում էր… Հետո ադրբեջանցի բժիշկը փրկեց նրան՝ տեղափոխելով ոչ թե Բաքու, այլ Ստեփանակերտ: Ես ընդամենը 10 տարեկան էի: Այս ստեղծագործությունը նվիրել եմ հայրիկիս՝ Կառլեն Գրիգորյանի հիշատակին: Ներկայացման ընթացքում պատմում եմ, որ ես էլ շատերի նման Լենին պապիկին սիրող երեխա եմ եղել, ու փառք Աստծո, որ հետո սկսվեց Շարժումը, ինչին հաջորդեց այդքան բաղձալի անկախությունը: Ուզում եմ, որ այսօրվա երեխան իմանա ի՜նչ կարեւոր է, երբ անկախ ես կամ երկիրդ անկախ է: Հայրենասիրությունը երգերից չի գալիս: Երգում են՝ «Ես կդառնամ զինվոր», «Երեւան ջան», ընդ որում՝ երեխաս մանկապարտեզում էլ է այս երգերը երգում, բայց հավատացնում եմ՝ հայրենասիրությունը գալիս է միմյանց սիրելով…»:

Զրույցի ընթացքում դերասանուհին էլ ավելի մանրամասնեց. «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»-ի սցենարը. «Բեմադրությունը ներկայացնում է 1992թ. ընդամենը մեկ ամսվա պատմություն: Բայց դա իմ կյանքն է: Ախր երկրաշարժ, Սումգայիթի ջարդեր, ցուրտ ու մութ տարիներ, կտրոնով հաց եւ այլն, եւ այլն: Ի վերջո, ես ֆիդայի էի նաեւ… Երեւի շատ խոսեցի: Հրավիրում եմ ներկայացումը դիտելու տիկնիկային թատրոնում, հոկտեմբերի 21-ին: Հետո այն կներկայացնեմ Շտուտգարդում: Կան հրավերներ Ուկրաինայից, Իսպանիայից եւ այլն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031