Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոցում գտնվող Ռուսթավելու անվան փողոցի պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցավ նաև Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նա գեղարվեստորեն հայտնեց իր շնորհակալությունը կառավարության ղեկավարին «Կումայրի» արգելոցի տարածքը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագիր իրականացնելու համար։
«Սիրելի ներկաներ, օրը յուրահատուկ է, պահը՝ հիշարժան իմ հին ու նոր Գյումրու պատմության մեջ։ Հեքիաթ է, իրականացված հեքիաթ, իսկ դուք լավ գիտեք՝ որպես գրական ժանր, հեքիաթի վերջում միշտ երկնքից երեք խնձոր է ընկնում, նայեք վեր, իջնում են այդ 3 խնձորները, առաջին խնձորը ընկնում է իմ հինավուրց քաղաքի, նրա ազնիվ արհեստավորների ձեռքով ասեղնագործած սև ու կարմիր քարերին։ Երկրորդ խնձորը ձեր վրա, իմ համբերատար, դարդատար, հույսը չկորցրած գյումրեցիներ։ Այդ խնձորից բաժին ունի նաև ձեզ համար մտահոգված, ձեր մասին մտածող մեր լավ քաղաքապետը։ Իսկ երրորդ խնձորը, ամենասիրունատեսը ու ամենահյութեղը ձերն է՝ պարոն վարչապետ», ասաց տիկինը։
Հավաքվածները սկսեցին ծիծաղել, իսկ Կարեն Կարապետյանը, որն այդ պահին թեժ քննարկման մեջ էր Միքայել Սրբազանի հետ, անակնկալի եկավ ու սկսեց ծիծաղել։
Հասմիկ Կիրակոսյանը շարունակեց․ «Դուք արժանի եք այդ խնձորին, քանզի ձեր ազգանվեր, գյումրիանվեր գործերով, դուք մտաք Գյումրու պատմության մեջ, նրա կենսագրության մեջ, իսկ ով մտնում է այդ կենսագրության մեջ, նա գնում է հավերժի ճամփով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ