Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասին հանրությունը տեղեկացավ 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ միջպետական փաստաթուղթ ստորագրվեց երկաթգծի շինարարության վերաբերյալ։ Այդ օրվանից սկսած չեն դադարում խոսակցությունները երկաթգծի շինարարության ու շահագործման թեմայի վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ տվյալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը ավելի շատ քաղաքական, կամ ավելի ճիշտ հոգեբանական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քան տնտեսական։
Հոգեբանական ազդեցությունը իրականում պայմանավորված է նրանով, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պարզից-պարզ է, թե ինչ ծրագիր է Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը եւ որն է դրա իրագործման նպատակը։ Դա 21-րդ դարի նոր պանթուրքիստական ծրագիր է Թուրքիան Ադրբեջանին կապելու համար։
1915-1920 եւ 1988-1994 թվականներին պանթուրքիզմի ծրագիրը չստացվեց իրականացնել հայկական տարածքների միջոցով եւ հիմա այն տնտեսական ծրագրի տեսքով իրականանալու է Վրաստանի Հանրապետության տարածքով։
Առաջին հայացքից կարծես դա դրական է ազդելու Հայաստանի վրա այն իմաստով, որ Թուրքիան ու Ադրբեջանը կթուլացնեն իրենց պանթուրքիստական նկրտումները իրար միանալու հենց Հայաստանի Հանրապետության ու Արցախի տարածքով։ Սակայն այստեղ կա մի պահ, որը լուրջ մտահոգվելու առիթ է տալիս։ Հարցը նրանում է, որ հայաբնակ Ջավախքը տվյալ երկաթգծի շահագործման հետեւանքով տարիներ անց կարող է վերածվել թուրքաբնակ շրջանի, իսկ դա ուղիղ վտանգ է Վրաստանի եւ Հայաստանի պետականության համար։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նավթամուղի եւ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի առկայությունը Վրաստանի տարածքում, երկրի համար ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Վրաստանի տնտեսական շահը տվյալ ծրագրերից վիճարկման ենթակա չէ, սակայն նույն ժամանակ վիճարկման առարկա չէ նաեւ այն փաստը, որ Սամցխե-Ջավախքը տվյալ ծրագրերի միջոցով վերածվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի։
Դժվար չէ կանխատեսել թե որն է լինելու տվյալ երկրների հաջորդ լայնամասշտաբ ծրագիրը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։ Այն արդեն իսկ մեկնարկել է փորձնական ձեւով եւ օրից-օր ստանում է ավելի լրջագույն բնույթ։ Խոսքը ֆիզիկապես թուրքական ներկայության մասին է, որը արդեն իսկ ամուր արմատներ է գցել Ախալցխայում անբարոյականության բիզնեսի զարգացման առումով, ինչի համար քաղաքում բացվել են տասնյակ ռեստորաններ ու սրճարաններ, որոնք թուրք հաճախորդներին անպայման առաջարկում են այլ ծառայություններ։ Այս ամենից ելնելով կարելի է միայն ենթադրել թե ինչքանով է մեծանալու տվյալ «բիզնեսի» կարիքը Ախալքալաքում մոտակա ապագայում, երբ շահագործվի Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը։ Ախալքալաքում արդեն գործող թուրքական հատուկենտ օբյեկտների կողքին սնկի պես աճելու են թուրքական ու ադրբեջանական ռեստորանները ու հյուրանոցները։ Եւ դա միայն սկիզբն է լինելու։ Ամենայն հավանականությամբ դեպքերը ընթանան Բաթումի սցենարով։ Գեղեցիկ շինություններ եւ զարգացող տնտեսություն։ Աշխատանքի տեղերը հիմնականում թուրքերի եւ նվազ չափով վրացիների համար։ Ապագայում թուրք մեսխեթցիները Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնությամբ ավելի մեծ ցանկություն են դրսևորելու վերադառնալ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, որտեղ արդեն բավականին ամրապնդված կլինեն իրենց ցեղակիցները։
Երևի, անիմաստ է խոսել այն մասին, թե ինչ տեղի կունենա հետո մոտ 20-30 տարի անց։ Այն ինչ տարիներ առաջ տեղի ունեցավ Բաթումում հնարավոր է կրկնվի նաեւ Ջավախքում։ Բնական է եթե Վրաստանի իշխանությունները այդ ամենից դասեր չքաղեն ու այսպես շարունակվի, ապա շատ շուտով Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նավթամուղը եւ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը Սամցխե-Ջավախքում հսկելու է օրից-օր բազմացող թուրքական ազգաբնակչությունը։
Արդեն իսկ Ադրբեջանից հնչում են պահանջներ, որ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծից ոչ մի պարագայում չպետք է օգտվի Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն` դուրս է գալիս, որ երկաթգծի ծրագիրը անթաքույց ունի նպատակ Հայաստանը մեկուսացնելու համար։
Շատ կարեւոր է, որ Վրաստանը չենթարկվի Ադրբեջանի տվյալ սադրանքներին, քանզի ապագայում միայն հայկական կողմի օգնությամբ հնարավոր կլինի դիմակայել վերոնշյալ խնդիրներին եւ բալանսավորել թուրք-ադրբեջանական ներկայությունը Սամցխե-Ջավախքում։ Այդ իսկ պատճառով Վրաստանի իշխանությունները պետք է հիշեն, որ ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Ջավախքի հայության թուլացնելուն, բումերանգով հարվածելու է հենց Վրաստանի շահերին։
Հենց դրանով է նաեւ պայմանավորված ադրբեջանական ինտերնետային լրատվամիջոցների ուշադրությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի նկատմամբ։ Նրանք ամեն կերպ փորձում են շահարկել Ջավախքում հայկական անջատողականության թեման, որպեսզի ոչ միայն լարեն հայ-վրացական հարաբերությունները, այլ դրա հիմքի վրա իրենց նկատմամբ Վրաստանում ձեւավորեն դրական հասարակական կարծիք, ինչը, անշուշտ, կնպաստի Ադրբեջանի ու Թուրքիայի սեւ ծրագրերի իրականացմանը Սամցխե-Ջավախքում։
Բավականին վերջերս Ախալքալաքի Գումբուրդո գյուղում եկեղեցու շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, ադրբեջանական մամուլը կրկին հիշեց Վահագն Չախալյանին եւ տեղի ունեցածի մեջ մեղադրեց հենց նրան, չնայած, դրան, որ Չախալյանը ոչ միայն ոչ մի կապ չուներ տվյալ միջադեպի հետ, այլ նաեւ իր ինտերնետային էջում սադրանքից հեռու մնալու առաջին կոչ հնչեցնողներից մեկն էր։
Այս ամենին հետեւեց Վրաց Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների համատեղ հայտարարությունը, որը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի բուն թեմայից շեղվելով, ծառայեց հասարակության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անվստահության ալիք բարձրացմանը։ Բարեբախտաբար տվյալ խիստ միակողմանի հայտարարությունը չստեղծեց նոր լարվածություն, որի առաջացումը ձեռնտու կլիներ միայն հայ եւ վրաց ժողովուրդների թշնամիների շահերին։
Անգամ վիճելի համարվող եկեղեցիների նման չափազանց զգայուն հարցը չպետք է լարվածություն մտցնի մեր ժողովուրդների հարաբերությունների միջեւ, քանզի երեկվա արտաքին վտանգը այսօր մեր պետականության ներսում է եւ ցանկացած լարվածություն ծառայելու է միայն նրա շահերին։
Բավական է հիշել թե ինչպես բյուզանդացիները XI-րդ դարում ցանկանում էին վերահսկել Հայոց եկեղեցին եւ նրա առաջնորդին ու ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին։ Դա բերեց նրան, որ բյուզանդացիներ գնացին ավելի խորը ու հարձակվեցին Անի քաղաքի վրա, վերջնականապես թուլացնելով հայկական թագավորությունը, ինչի արդյունքում թուրք-սելջուկները սկզբում գրավեցին Անին եւ հետո հարձակվեցին քրիստոնյա Բյուզանդիայի վրա։ Ի վերջո երկու պետություններն էլ ընկան եւ այդ տարածքների վրա ձեւավորվեց այսօրվա Թուրքիան։
Ժամանակները, իհարկե, փոխվել են, սակայն թուրքական մեթոդը չի փոխվել։ Տվյալ պետությունները ամեն կերպ ջանում են, որ երկու քրիստոնյա ժողովուրդների միջեւ, լինի դա եկեղեցիների կողմից տարվող անհեռատես քաղաքականության արդյունք, թե այլ ազգամիջյան թեմա, առաջացնի կոնֆլիկտային իրավիճակ, որից հնարավոր կլինի հեշտությամբ օգտվել եւ ամրապնդել իրենց սեփական դիրքերը։ Դա պետք է գիտակցեն թե մեր եկեղեցիները, եւ թե իշխանությունները ու հասարակությունը։
Գիտակցենք դա, թե չգիտակցենք, ամեն դեպքում Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի բացման արարողություն նախնական տվյալներով տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին։ Բնականաբար երկաթգծի բացման փաստը ինքնին ոչ մի վնաս չի կարող հասցնել մեր ժողովրդին ու պետությանը, սակայն երկաթգծի շահագործումից հետո պետք է շատ ավելի ուշադիր լինել, որ Սամցխե-Ջավախքը չարժանանա Աջարիայի եւ Վրաստանը Ուղղափառ Բյուզանդիայի ճակատագրին, ինչից տարածաշրջանում կրկին կտուժի միայն Հայաստանը։
Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն