Հոկտեմբերի 16-ից Իջեւանի մշակույթի տան թատերախումբը մշակույթի տանը քաղաքի հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների երեխաներին է ներկայացնում Շառլ Պերոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթը: Իջեւանի մշակույթի տան գեղմասվար Գայանե Չապուխյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ռեժիսորը, երաժշտական ձեւավորողը:
Նա ավանդական սցենարի մեջ փոքր փոփոխություն է կատարել, մտցնելով Կարմիր գլխարկին հանդիպած փոքրիկ նապաստակի կերպարը: Մասնագիտությամբ մանկավարժ Գայանեն ներկայացման մեջ որպես դերասաններ ընդգրկել է Իջեւանի պետական քոլեջի, վարժարանի, ավագ դպրոցի սովորողներին: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի դպրոցների եւ մանկապարտեզների երեխաներին տրվել է թատերական ներկայացման 2000 անվճար տոմս, քաղաքապետը դրամական խրախուսանքի է արժանացրել պատանի բոլոր՝ 8 դերասաններին:
Թատերախմբի ղեկավար Գայանե Չապուխյանը հայտնեց, որ Իջեւան քաղաքում ներկայացումները կավարտվեն հոկտեմբերի 20-ին, որից հետո թատերախումբը «Կարմիր գլխարկը» անվճար կներկայացնի Իջեւանի տարածաշրջանի գյուղերի երեխաներին: Իջեւանի մշակույթի տան թատերախումբը նախկինում էլ Իջեւանում եւ տարածաշրջանի գյուղերում անվճար թատերական ներկայացումներ է ունեցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ