Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Կարչեւսկի. «Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում»

Հոկտեմբեր 18,2017 20:35

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ-լեհական միջխորհրդարանական կապերին եւ երկու ժողովուրդների բարեկամությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:

Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար:

«Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա կապերն էլ ավելի կսերտանան: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի եւ բարեկամական խմբերի միջեւ շփումների առավել ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարեւոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռեւս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ամենեւին չի ցանկանում, որ տարածաշրջանը եւս մեկ անգամ հայտնվի պատերազմի մղձավանջի մեջ:

«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքը: Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական մասն է: Ստեղծված պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն Արցախի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր»,- ասել է Արա Բաբլոյանը:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում:

Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչեւսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԼՀ Սենատի նիստին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031