Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ խոսակցություններն իջեցնել այն մակարդակի, որ երեխային կոնֆետ չգնելն ընտանեկան բռնություն է». Արման Ղարիբյան

Հոկտեմբեր 18,2017 20:03

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը համոզված է, որ ՀՀ-ում վաղուց պետք է ընդունված լիներ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, եւ այժմ քննարկվող օրինագիծն ուշացած է: Aravot.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիաները՝ որոնցով եւ պարտավորվել է պաշտպանել կանանց իրավունքները, այդ թվում՝ պաշտպանել նրանց նաեւ ընտանեկան բռնությունից:

«Տարեցտարի ոստիկանությունն ընտանեկան բռնության դեպքերի մասին ավելի մեծ թվով ահազանգեր է ստանում, նաեւ մահվան դեպքեր են գրանցվել, ուստի այդ օրինագծի կարիքը տարեցտարի ավելացել է: Մեր հասարակությունում եւս ընտանեկան բռնություն կա, հետեւաբար՝ կարիք կա նաեւ օրենսդրական կարգավորման: Չեմ պատկերացնում որեւէ ազգային մտածելակերպ, որն արդարացնում է բռնությունը: Այն չի կարող տեղ ունենալ որեւէ հասարակությունում: Բռնության դեմ պետք են ոչ միայն օրենքներ, այլեւ կրթական ծրագրեր, հասարակության հետ աշխատանք»,-նշեց Արման Ղարիբյանը:

Թե որն է «ընտանեկան բռնություն» երեւույթի բնորոշումը, Արման Ղարիբյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունն այդ հարցում բավարար պարզաբանումներ ներկայացրել է. «Թե օրինագծի այս կամ այն կետը որքանով է խնդրահարույց, դա պետք է քննարկեն միայն մասնագետները, ոչ թե խոսակցություններն իջեցնեն այն մակարդակի, որ «եթե ծնողը երեխային կոնֆետ չգնի, դա կհամարվի ընտանեկան բռնություն, եւ երեխային ծնողից կվերցնեն-կտանեն ապաստարան»…նման խոսակցությունները չէի ցանկանա մեկնաբանել, որովհետեւ դրանցում չկա քննադատություն, դրանք գիտակցված ապատեղեկատվություն են եւ բամբասանք»:

Արման Ղարիբյանի համոզմամբ՝ Արդարադատության նախարարությունը մասնագիտական հարթության վրա կարող է հաշվի նստել այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք խնդիրներ են տեսնում օրինագծում եւ  նախարարությանն առաջարկներ անում. «Իսկ այն անձանց, որոնք անհեթեթ պատճառաբանություններով են խոսում օրինագծի մասին, նախարարությունը, կարծում եմ, չափից շատ է նրանց լսել»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Հայտնի եւ անհայտ անձինք նաեւ քաղաքական պատճառներով են ընդդիմանում օրինագծին, ինչի մասին չէի ցանկանա խոսել: Պարզապես, գուցե նրանք որոշակի ծրագիր ունեն եւ պարտավոր են այդպես գործել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031