«Անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը եւ ինքը՝ Մամեդյարովը: Այնպես որ, կարիք չկա եւս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն, այսօր, Բաքվում լեհ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`անպատասխանատու լինելու մեջ:
Խոսքը օրերս Ժնեւում կայացած նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո ՀՀ նախագահի արած հայտարարության մասին է: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը խոսել էր շփման գծում լարվածությունը թուլացնելու ջենթլմենտական պայմանավորվածության մասին: Մամեդյարովն ասել է, որ նախագահների հայտարարություն պետք է լիներ, սակայն ՀՀ նախագահը «դուրս է եկել սահմաններից»:
Հիշեցնենք, որ հանդիպումից անմիջապես հետո, Ադրբեջանի նախագահի օգնականը մեղադրեց Սերժ Սարգսյանին`հայտարարություններ չանելու պայմանավորվածությունը խախտելու մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ