«Ոռոգման ոլորտում մի շարք խնդիրների լուծումը և, ընդհանրապես, հաջողություններ գրանցելը, անհնարին կլինի՝ առանց ջրի հաշվառման գործուն մեխանիզմի առկայության»,- այս մասին հյուրընկալելով Դրեզդենի Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության պատվիրակությանը՝ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության վաճառքի միջազգային մենեջեր Ալեքսանդր Շլոսերը տեղեկացրել է, որ ընկերությունն արդեն շուրջ 15 տարի զբաղվում է ստորերկրյա ջրերի և հողերի հաշվառման մեխանիզմների և գործիքների ստեղծմամբ և արտադրությամբ՝ կենտրոնանալով չափագրման և բնապահպանական հետազոտությունների համար լաբորատոր սարքավորումների վրա:
Դեռ 2008 թվականին ՀԲ ֆինանսական օժանդակությամբ՝ ՋՏՊԿ-ն այս ընկերությունից ձեռք է բերել ոռոգման ջրի 82 չափագրման սարք: Համակարգի ամբողջական հաշվառման համար, ըստ հաշվարկների, շուրջ 2100 նման սարք է հարկավոր, որոնք կտեղադրեն առաջնային և երկրորդական ջրագծերի վրա: Այսպիսով հնարավոր կլինի ոչ միայն հաշվառել և կառավարել ոռոգման ջուրը, այլև՝ վեր հանել ջրակորստի հիմնական ուղղություններն ու պատճառները.
«Ոռոգման ջրի հաշվառման հարցը Կառավարության գերակայությունների շարքում է: Այս սարքավորումների ձեռքբերման համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր, որոնց հայթայթման համար տարբեր ճանապարհներ ենք փնտրում: Ֆինանսական խնդիրները լուծելուց հետո՝ սարքավորումների ձեռքբերման մրցույթ կհայտարարվի՝ շատ որոշակի պայմաններով՝ բարձր որակ, ժամանակակից տեխնոլոգիաներ, հնարավորինս մատչելի արժեք և սպասարկում»,- նշել է Ա. Հարությունյանը:
Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է լինելու նաև սարքավորումների սպասարկման հարցը: Կոմիտեն նախատեսում է, որ ընկերությունը, որից կգնվեն հաշվիչները, հաջորդ 5 տարիներին կիրականացնի նաև դրանց անվճար սպսարկումը: Բացի այդ՝ հաշվիչներից ստացված տվյալները կգրանցվեն և վերլուծության կենթարկվեն հատուկ մասնագիտացած կենտրոնում:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն