Երեսունամյա նախրապանը՝ Ս.Պ-ն, ում դին նախօրեին գտել են Զովունի գյուղի մոտակայքում՝ Կորեայի ձորում, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ է:
Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը Aravot.am-ին պատմեց, որ արդեն մի քանի տարի է՝ ինչ Ս. Պ-ն տեղափոխվել էր բնակվելու Զովունիում, այնտեղ էլ աշխատում էր: Դեպքի նախորդ օրը իրենց գյուղում բնակվող Ս. Պ-ի ծնողներից տեղեկացել էր, որ անհանգստացած են, քանի որ իրենց որդին չկա, անասուններին տարել է սար ու հետ չի վերադարձել:
Ավելի ուշ երեսունամյա նախրապանի դին գտել էին Կորեայի ձորում, ըստ գյուղապետի՝ քարափի մոտ, գլուխը ջարդած:
Ինքնասպանությո՞ւն, սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար է կատարվածը, ըստ գյուղապետի՝ իրենց գյուղում այս երեք վարկածներն էլ շրջանառվում են. «Տարբեր ձեւի խոսակցություններ կան, ասում են՝ շատ հնարավոր է իրեն դիտավորյալ սպանել են կամ քարափից է ընկել»:
Պարոն Հարությունյանը դժվարությամբ կհավատա սպանության վարկածին, քանի որ, ըստ իրեն՝ մահացածը շատ խելոք տղա էր, ունի երկու անչափահաս երեխա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ