Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք պրոբլեմ չունենք, կարող ենք դուբինկաներով գալ խորհրդարան» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 16:44

Հոկտեմբերի 5-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցքով հարվածել է իրեն: Ինքն էլ պաշտպանվել է`հաջողելով կոշիկները մի քանի անգամ սրբել Գեղամյանի վրա: Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում։

Այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք»,-ի նախագիծը`այս դեպքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Ըստ առաջարկի`հանձնաժողովը կազմված է լինելու 10 անդամներից: Սա հետագայում քննարկվեց: ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանն ասում է`նման դեպքերում ճիշտը կենտ թիվն է: Նա նաեւ առաջարկում է վերնագիրը փոխել: Ասում է`Գեղամյանից բացի, եթե մեկ այլ պատգամավոր էլ է հարվածել, նրա գործողությունները չե՞նք քննելու:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ դիտողություն արեց`հիմքում չեն կցվել միջադեպի մանրամասներ, թե կոնկրետ որ արտահայտությունն է, որ ըստ նրանց՝ խախտել է էթիկան: Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը հակադարձեց`ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա: Հրայր Թովմասյանը հորդորեց`գոնե բանավոր խոսքում ներկայացնել: Արտակ Զեյնալյանը հիշեցրեց հոկտեմբերի 5-ի միջադեպը եւ ասաց`Գեղամյանի վարքագիծը անհամատեղելի են համարում բարձրաստիճան պաշտոնյայի դրսեւորած վարքի հետ. «Գեղամյանի պահվածքը հարիր չէ խորհրդարանին եւ պատգամավորին»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կողմերին հանդարտության կոչ արեց. «Բարձր կանգնեք դեպքի հանգամանքներից եւ փոխադարձ հասկացողության պայմաններում փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Նման ապացուցողական բազայով բարդ է լինելու հարցը քննել եւ որոշում կայացնել»:

Մանրամասները`տեսանյութում

Հրայր Թովմասյանի հարցերի քանակը, դիտարկումները դուր չեկան Նիկոլ Փաշինյանին: Նա հայտարարեց`իրենք խնդիր չունեն, խորհրդարան կարող են գալ նաեւ «դուբինկաներով», բայց եթե այս դեպքով քաղաքական մեծամասնությունը պատշաճ դիրքորոշում չարտահայտի, ինքը երաշխավորում է`խորհրդարանում նման բաների հաճախ ենք ականատես լինելու: Ինքն էլ ՀՀԿ-ին առաջարկում է`բերել սեփական նախագիծը`այն մասին, թե «ինչպես է Նիկոլ Փաշինյանը իր ոտքերը մաքրել Գեղամյանով»:

Մանրամասները`տեսանյութում

Հարցի քննարկումը հետաձգվեց: «Ելք»-ը կներկայացնի նախագծի լրամշակված տարբերակ`հաշվի առնելով նաեւ Հրայր Թովմասյանի առաջարկները`հանձնաժողովի գործունեության ժամկետը կրճատելու, նախագծի վերնագիրը փոխելու եւ այլնի մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031