Տնտեսական բարելաված ցուցանիշներն այսօր նախարարությունում ներկայացնող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ծանո՞թ է ՄԱԿ-ի հրապարակած ուսումնասիրության արդյունքներին https://www.aravot.am/2017/10/17/914093/, ըստ որոնց, եթե ներկայիս տնտեսական ու ժողովրդագրական միտումները պահպանվեն Հայաստանում, 2035 թվականին կմնա մինչեւ 2,5 միլիոն մարդ` ներկայիս 3 միլիոնի փոխարեն:
Սուրեն Կարայանը, որն այսօր ներկայացրեց տարվա արդյունքները, նշելով, որ ՀՆԱ-ն աճել է 5,9 %-ով, զբոսաշրջությունը` 24,3 %-ով, արտահանումը` 21,7 %-ով, ներդրումներն էլ կազմել են 1 միլիարդ 24 միլիոն դոլար, պատասխանելով մեր հարցին ասաց` վստահ է, որ 2035-ին ավելի շատ վերադառնալու են, քան արտագաղթեն:
«Մեր միտումները խոսում են հակառակի մասին: Ես նշեցի` որ ոլորտում ենք զարգացում տեսնում եւ ինչ աշխատատեղեր են ստեղծվել, ինչ ծրագրեր կան, որ արդեն հաստատվել են եւ ինչքան նոր աշխատատեղեր են ստեղծվելու: Տնտեսության ակտիվացումը նպաստելու է, որպեսզի մեր բնակչության կենսամակարդակն աճի, եւ դա նպաստելու է, որպեսզի մեր ազգաբնակչությունն աճի եւ ավելի շատ մեր ազգաբնակչությունը կվերադառնա դեպի Հայաստանի Հանրապետություն, քան` կարտագաղթի»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ը պարոն Կարայանին նաեւ հարցրեց, թե վարչապետ Կարեն Կարապետյանի` Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի մեծահարուստների խոստացված ներդրումները հասա՞ն Հայաստան, դրանք արտացոլվա՞ծ են այդ մեկ միլիարդից ավելի ներդրումներում, նախարարն ասաց, որ ռուսաստանցի մեծահարուստ հայերը «Ներդրումների ակումբով» արդեն 2 ծրագիր ֆինանսավորել են, որը մոտ 280 միլիոն դոլարի չափով է:
Հարցին, թե 5,9 % տնտեսական աճ ենք ունեցել, սակայն շահութահարկի 15 տոկոս նվազում, իսկ եկամտահարկի էլ ընդամենը 1,6 տոկոս աճ, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ, եթե կատարում են ներդրումներ, ապա շահութահարկով, որպես ամորտիզացիոն մասհանումներ, ծախսային մասը մեծանում է եւ հարկվող շահույթը դրանով պակասում է. «Պետք է վերլուծենք, որպեսզի հասկանանք, շահութահարկի վճարվող գումարները պակասել են, նոր` կկարողանանք եզրակացություն անել»:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նախարարն ասաց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները ընդհանուր ներդրումների մեկ երրորդն են կազմում. «Սա նշանակում է, որ ներդրումներ են եղել օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի ռեզիդենտ կազմակերպության կանոնադրական կապիտալում տասը տոկոսից ավելի մասնաբաժնի չափով»: Նախարարը նաեւ ասաց, որ ներդրումների մեջ նաեւ վարկերն են ներառված, բայց թե որքանը` չհստակեցրեց, ասաց, որ պետք է վերլուծեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ