Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փաստաբանն իրեն պատասխանատվության ենթարկելու որոշումը չբողոքարկի, բա էլ ո՞վ բողոքարկի». Կարեն Մեժլումյան

Հոկտեմբեր 18,2017 15:17

Փաստաբանների պալատի (ՓՊ) խորհրդի կողմից երեկ կարգապահական տույժի ենթարկված փաստաբան Մուշեղ Շուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկել:

Նա հավաստիացրեց. «Կարգապահական վարույթը պալատի խորհրդի կողմից իրականացվել է կոպիտ ընթացակարգային խախտումներով: Երեկ ես միջնորդություն էի ներկայացրել Փաստաբանների պալատին նախքան նիստը, խնդրել էի ինձ որոշակի տեղեկություններ տրամադրել փաստաբանների վարքագծի կանոնագրքի համապատասխան կետի հիմքով հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ, նաև վարույթների արդյունքում կայացված որոշումների պատճառաբանության վերաբերյալ, որ ես հնարավորություն ունենամ իմ դիրքորոշումն ու բացատրությունները ներկայացնել խորհրդին: Նաև խորհրդի անդամներից յոթին առաջարկել էի ինքնաբացարկ հայտնել, իսկ հակառակ դեպքում նշել էի, որ ես պատրաստ եմ բացարկ հայտնել: Իմ միջնորդությունները քննության չեն առնվել, ընթացակարգային նվազագույն երաշխիքներ այս վարույթում չեն պահպանվել»:

Մուշեղ Շուշանյանը, հաշվի առնելով ՓՊ խորհրդի վերջին շրջանի գործունեությունը, այն գնահատում է որպես «արտակարգ դատարանի» գործունեություն, որտեղ արդեն իսկ որոշումները կան կայացված, զուտ ձևական բնույթի նիստեր է խորհուրդը հրավիրում, իսկ փաստաբանները զրկված են նվազագույն իրավունքներից:

Հիշեցնենք՝ Մուշեղ Շուշանյանին կարգապահական տույժի ենթարկելու պատճառը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումն է ուղղված ՓՊ-ին:

Մասնավորապես հունիսի 21-ի դատական նիստում դատարանը հեռացրել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին կոչով ժողովրդին դիմելու համար, հայտարարվել էր ընդմիջում, որից հետո Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չէր վերադարձել՝ հայտարարելով, որ Վարուժան Ավետիսյանն իրեն թույլ չի տալիս իր բացակայությամբ մասնակցել նիստերի: Մուշեղ Շուշանյանի այս քայլն Արտուշ Գաբրիելյանը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կիրառել դատական սանկցիա՝ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում ուղարկելով ՓՊ-ին:

Մինչդեռ Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ պալատի այն դիրքորոշումը, թե բոլոր դեպքերում փաստաբանի՝ նիստերի դահլիճից դուրս գալն այնթույլատրելի է՝ անկախ իր պաշտպանյալի դիրքորոշումից, մեղմ ասած՝ «անգրագետ իրավական դիրքորոշում է»:

Մեր հարցին՝ իսկ ո՞ր իրավական նորմն է դա թույլ տալիս, պարոն Շուշանյանը պատասխանեց, թե չի ցանկանում փակագծեր բացել. հետագայում կանդրադառնա, երբ որոշումը ստանա:

Այս առիթով Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ ՓՊ խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանից: Նա հավաստիացրեց, որ խորհուրդը որևէ խախտում թույլ չի տվել որոշումների ընդունման ժամանակ:

Դառնալով Մուշեղ Շուշանյանի պնդումներին, թե իր միջնորդությունը մնացել է առանց քննության ՝պարոն Մեժլումյանը պարզաբանեց. «Միջնորդությունը բացարկի մասով առանց քննության է թողնվել, քանի որ դրա լիազորությունը խորհուրդը չունի: Նման կարգ չկա, որ խորհրդի անդամներն ինքնաբացարկ հայտնեն»:

Մեր հարցին՝ այն, որ կարգապահական տույժերի ենթարկված փաստաբանները համատարած դիմում են դատարան, դա արդյոք չի՞ վնասում ՓՊ խորհրդի վարկանիշին, պարոն Մեժլումյանը պատասխանեց. «Ոչ, եթե փաստաբանն իրեն պատասխանատվության ենթարկելու որոշումը չբողոքարկի, բա էլ ո՞վ բողոքարկի: Երկու հակադիր դիրքորոշում կա, հենց փաստաբանի գործն էլ դատարան դիմելն է: Հետևաբար նորմալ է, որ պետք է փաստաբանը դատարան դիմի: Իսկ դա խորհրդի վարկանիշը չի գցում: Այլ բան է, թե դատարանն ինչ որոշում կկայացնի»:

Նշենք, նաև, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին, Արմեն Սողոմոնյանին եւ Արթուր Գրիգորյանին ՓՊ-ն որոշել է ենթարկել կարգապահական տույժի. նրանք տուգանվել են 100 հազար դրամով և մի քանի ժամ մասնակցելու են դեոնթոլոգիայի դասընթացների: Տիգրան Աթանեսյանն այս առիթով պարզաբանել է,  թե ոմն Գեւորգ Գեւորգյանի (պալատի աշխատակից) ստորագրությամբ պատասխան է ստացել վիրավորական եւ անգրագետ արտահայտություններով եւ այն հրապարակել է ֆեյսբուքյան փակ խմբում, իսկ ինքն ու իր ընկերները մեկնաբանել, գնահատականներ են տվել, սակայն դրանք վիրավորանք չեն պարունակում: Մինչդեռ խորհուրդը գտնում է, որ դրանք վիրավորական արտահայտություններ են:

Պարոն Մեժլումյանն այս առիթով նշեց, թե գործն այդ կտրվածքով չի քննվել, ոչ էլ այդ պնդման համար է հարուցվել: Կային կոնկրետ անձի հասցեին վիրավորական արտահայտություններ:

Մեր հստակեցմանը՝ ո՞ր արտահայտություններն էին դրանք, պարոն Մեժլումյանն այսպես արձագանքեց. «Խորհրդի որոշումը 20-օրյա ժամկետում կհրապարակվի, որը բաց է հանրության համար. պալատի կայքում դրվում է: Կծանոթանաք և՛ խորհրդի պատճառաբանություններին, և՛ այդ արտահայտություններին: Կտեսնեք վիրավորական է, թե՞ ոչ: Մնացած առումով դատարան կդիմեն, դատարանն էլ կորոշի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031