Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն»

Հոկտեմբեր 18,2017 15:07

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակհասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

 Այցելելով գնդապետ Կ. Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր` զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի` դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ:

Ավագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո զորակոչվել զինծառայության:

Շուտով կլրանա Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի երկու տարին: Ի պաշտոնե լինելով մեր երկրի սահմանի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն` նա լավագույնս է գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում:

ՙՄեր զինծառայողները գիտակցաբար են կատարում իրենց պարտականությունները: Բոլորս հասկանում ենք, որ պետք է հստակորեն տիրապետենք մեր մասնագիտությանը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններին, որպեսզի թշնամու ներթափանցման փորձի դեպքում կարողանանք արժանի հակահարված տալ: Բացի դրանից, կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը, մանավանդ` սահմանային լարվածության և հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակի վարման պայմաններում: Այս նպատակով անձնակազմը համապատասխան հրահանգավորումներ է ստացել դիտարկվող վայրեր դուրս չգալու, խրամաբջիջներում ճիշտ դիրքավորվելու, դիտորդի պարտականությունները կատարելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ընթացքում՚,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագը` հավելելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող քայլերը պարտադրում են ավելի պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ավագ սերժանտ Գ. Խաչունցը կարևորում է զինծառայողների միջև առկա ընկերական վերաբերմունքը, միմյանց օգնելու պատրաստակամությունն ու կամեցողությունը: ՙԴիրքապահ տղաները գիտակցում են, որ առանց իրար օգնելու հնարավոր չէ կատարել իրենց, թերևս, ամենանվիրական ու ամենադժվարին առաքելությունը: Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է յուրաքանչյուր զինծառայողի ունակությունների ու հնարավորությունների գերլարում, բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն: Ես անձամբ պարբերաբար զրուցում եմ բոլոր զինծառայողների հետ` թե՜ առանձին-առանձին, թե՜ կոլեկտիվ կազմով, լսում նրանց կողմից բարձրացվող հարցերը, առաջարկությունները և ընտրում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը՚,- ասաց ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցը:

Որպես կրտսեր հրամանատար, բացի վերոնշյալ հանգամանքներից, դիրքի ավագը իր պարտականությունները լիարժեքորեն կատարելու համար կարևորում է նաև օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը: Ինքն անձամբ դիրքապահների առօրյան այնպես է կազմակերպում, որպեսզի պահպանվի հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ճնշված չզգա, և յուրաքանչյուրը հնարավորություն ունենա սահմանված կարգով հանգստանալու:

ՙՆման պատասխանատու առաքելությունը հնարավոր է կատարել միայն առույգ և բարձր տրամադրվածություն ունենալով` գիտակցելով, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի, ցանկացած հարցում պատրաստակամ են քեզ օգնելու՚,- մեզ հետ զրույցում շեշտում է դիրքի ավագը` վստահեցնելով, որ եթե հայ զինվորը մշտարթուն կանգնած է դիրքում, երկրի սահմաններն անառիկ կմնան, հայրենիքը` պաշտպանված:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031