Այսօր կայացավ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ընդլայնված նիստ, որում քննարկվեցին օրախնդիր մի քանի հարցեր:
Ֆեդերացիան բավարարեց Դավիթ Խիթարյանի՝ իրեն գլխավոր քարտուղարի պարտականություններից ազատելու խնդրանքը: Նոր գլխավոր քարտուղար ընտրվեց Թաթուլ Հովհաննիսյանը:
Ֆեդերացիան գտավ, որ Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի աշխատանքը իրեն չի բավարարում եւ նրան ազատեց պաշտոնից: Որոշվեց պատանիների եւ երիտասարդների հավաքականների հետ տարվող աշխատանքները համատեղել՝ այն վստահելով երիտասարդների ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանին: Վերջինս պետք է իր շուրջ համախմբի մի քանի երիտասարդ մարզիչների:
Ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի խոսքերով. «Այդ տարիքային խմբերի հավաքականներում ձյուդոիստները շատ չեն եւ իմ համոզմամբ դրանց համատեղումն ավելի արդյունավետ կլինի մարզական վարպետության բարձրացման եւ ազգային հավաքականը համալրելու առումով»:
Նիստում նաեւ հաստատվեց մրցավարական եւ կարգապահական հանձնաժողովներ ստեղծելու առաջարկը: Մրցավարական հանձնաժողովի նախագահի երկու թեկնածություն առաջադրվեց, սակայն նրանց կողմնորոշվելու ժամանակ տրվեց, իսկ կարգապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց նախկին ձյուդոիստ Կարապետ Կարապետյանը, որը երկար տարիներ բնակվել է Սանկտ-Պետերբուրգում, իսկ հիմա վերադարձել է եւ ցանկանում է օգտակար լինել հայկական ձյուդոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ