Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը կարող է համարվել բռնություն. Արա Զոհրաբյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 14:32

Այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» աղմկահարույց օրենքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել Փաստաբանների պալատը:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քննարկումը սկսեց Ադամի ու Եվայի պատմությունից՝ ներկայացնելով, թե ինչ է ընտանիքը, ընտանեկան արժեքները եւ այլն:

Նա ասաց, որ արդարադատության նախարարությունը նախագծի ընդունումը պայմանավորում է նրանով, որ բռնության դեպքերի մեջ մեծ թիվ են կազմում ընտանեկան բռնությունները, ճիշտ է, վիճակագրությունը փոքր է, բայց նախարարությունը վստահեցնում է, որ լատենտայնություն կա, թաքնված դեպքերը շատ են: Արա Զոհրաբյանի խոսքով՝ «Ով ունի դպրոցական երեխաներ, բոլորը գիտեն, որ իրար հետ կռվում են դպրոցում, այդ բռնությունները նույնպես թաքնված են, բուհերում բռնությունները, բանակում բռնությունները, ԱԺ-ում բռնությունները, ոչ բոլոր բռնություններն են դառնում վիճակագրական տվյալ: Եթե բոլոր բռնությունները արձանագրվեն, ես վստահ եմ, որ ընտանեկան բռնություններն էլի աննշան թիվ են կազմելու»:

Ըստ Արա Զոհրաբյանի, նախագծում ձեւակերպումներ կան, որոնք կարող են խաթարել մեր ներընտանեկան անդորրը: Ընտանիքը փակ է, միջանձնային գաղտնիություն կա եւ օրինագիծը կարող է հնարավորություն տալ, որ պետության ներկայացուցիչը ներխուժի այդ միջավայր:

Արա Զոհրաբյանը նաեւ անդրադարձավ հոգեբանական եւ տնտեսական բռնությունների ձեւակերպմանը եւ այսպես մեկնաբանեց. «Այդպիսի բռնություն կարող է համարվել գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը, երեխաներին սովորեցնելը, որ իրենց ցանկություններն ու կրքերը զսպեն, ծնողի պարտականությունները կարող են նմանվել տնտեսական կամ հոգեբանական բռնություններին: ԱՆ ներկայացուցիչները նշում են, որ այդ դեպքերը չեն կարող համարվել տնտեսական կամ հոգեբանական բռնություն, բայց իրավական ակտը մեկնաբանվում է նրանում պարունակվող արտահայտությունների տառացի մեկնաբանությամբ»:

Եթե նախարարությունը այդպես է իրոք կարծում, Արա Զոհրաբյանը վստահ է, որ կարող են փոխհամաձայնության գալ եւ ճիշտ ձեւակերպումներ տալ նախագծում: Պալատի նախագահը նշեց՝ պատկերացրեք, ծնողը երեխային ասում է՝ մեկ անգամ էլ ծխելուց քեզ բռնացնեմ՝ ականջդ կտրելու եմ: Սա բռնության սպառնալիք է, ՔրՕրը սպառնալիքների դեպքում ունի յուրովի մեկնություն: Իհարկե, այստեղ պարզ է, որ ծնողը ականջը չի կտրի երեխայի, բայց նախագծում ձեւակերպումը կարող է չարաշահումների տեղիք տալ:

Արա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ նախագծով ոստիկանության ներկայացուցիչներն ունենալու են լիազորություն միջամտելու եւ հետեւանքներ առաջացնելու ընտանիքի անդամների նկատմամբ: Կարող է հեռացնել բռնություններ անողին իր տանից, ընդ որում, ընտանիքի այդ անդամը կարող է լինել նաեւ սեփականատերը. «Ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ դատարանի որոշմամբ, այստեղ մենք արդեն հակասահմանադրական դրույթ ունենք»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ աշխատանքային խումբ են ստեղծել՝ նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում եւ փորձելու են համատեղ ուժերով գործնական առաջարկություններ անել: Թե ինչ կլինի արդյունքում՝ Փաստաբանների պալատը 3 սցենար է կանխատեսում. 1. Այս օրենքի նախագիծը դուրս կգա շրջանառությունից: 2. Այս նախագիծը կփոփոխվի հասարակական ճնշման, իրավական հիմնավոր ներկայացման արդյունքում, 3-րդ սցենարն էլ այն է, որ ոչ մի բան չի փոխվի, կմնա այն, ինչ կա:

Արա Զոհրաբյանը հույս ունի, որ գոնե միջանկյալ տարբերակը կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031