Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Կալանավորը կարող է պատգամավորի միջոցով բան փոխանցել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 14:22

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում: Գործող օրենքը սահմանում է` ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ: Գործնականում, ըստ Նիկոլ Փաշինյանի հետեւյալն է. «Մեզ ասում են չենք կարող ձեզ թույլ տալ, որ մտնեք x տեղը, քանի որ տվյալ կալանավորի տեսակցությունների վրա արգելանք է դրված: Բայց մենք այդ մարդու հետ տեսակցություն չենք ուզում, այլ իրացնել օրենքով սահմանված իրավունքը»: Օրեր առաջ, օրինակ, Արմավիր ՔԿՀ-ի ղեկավարությունը «մի ամբողջ բլոկի» դուռ չի բացել պատգամավորի առաջ: Ասել են` դա կլինի տեսակցություն: Կառավարության պատասխանում Նիկոլ Փաշինյանն ասում է`աբսուրդ կա`ասել են պատգամավորը կարող է շահագրգիռ լինել տվյալ քրեական գործի ելքի մեջ: «Ինչի՞ դատախազը, ՔԿՀ-ի պետը եւ շատ այլք չեն կարող շահագրգիռ լինել»,- հարցնում է Նիկոլ Փաշինյանը: Ինքը կարծում է, որ օրենքը հստակ կարգավորում է, փոխելու բան չկա, բայց քանի որ գործնականում խնդիր է առաջանում, հստակեցնել է պետք`սահմանելով, որ նախաքննության մարմնի արգելքը չի կարող տարածվել 48 հոդվածով սահմանված անձանց վրա, այդ թվում նաեւ պատգամավորների:

Հրայր Թովմասյանն իր վերապահումները սկսեց քերականականից: Վկայակոչելով տարբեր բառարաններ՝ ասաց, որ տեսակցությունը նաեւ խուց մտնելն է: Հրայր Թովմասյանն ասում է`կալանավորը կարող է ժեստերով կամ այլ տարբերակներով պատգամավորին բան փոխանցել: Նիկոլ Փաշինյանը նկատում է`իր մոտ ամեն օր մտնող հսկիչի միջոցով էլ կարող է փոխանցել եւ հեգնում. «Ուրեմն պիտի կալանավորին նետենք Տարտարոսը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պողոսյանն առաջարկեց`ձայնագրել խոսակցությունները, որ պատգամավորն էլ իրեն զգոն պահի: Արփինե Հովհաննիսյանն էլ համամիտ է`«պատգամավորը չի կարող ամենափրկչի դեր ստանձնել»:

Մանրամասները`տեսանյութում

Հրայր Թովմասյանը եւ Արփինե Հովհաննիսյանը հիշեցին իրենց նախարար եղած ժամանակները. եթե տվյալ դատապարտյալի հետ տեսակցությունը արգելված է եղել, իրենք էլ այդ խուց մուտք չեն գործել: Հրայր Թովմասյանն ասաց`կալանավորին տեղափոխել են այլ խուց, նոր ինքը տվյալ խցի պայմաններին ծանոթացել է: Արփինե Հովհաննիսյանը նաեւ միջազգային փորձից օրինակներ բերեց`շատ երկրներում սահմանափակված է շատ պաշտոնյաների մուտքը ՔԿՀ: Հրայր Թովմասյանն ասում է`դեմ չէ կանոնակարգումներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկարագրած իրավիճակներում պատգամավորները չհայտնվեն, բայց կոնկրետ այս առաջարկին, ինքը դեմ է: Նույն կարծիքին է նաեւ Արփինե Հովհաննիսյանը:

Տեւական ժամանակ քննարկելով «անարգել ել ու մուտ» եւ «տեսակցել» տերմինները`հանձնաժողովը մերժեց փոփոխությունները: «Կողմ» քվեարկեցին Գեւորգ Պետրոսյանը, Նապոլեոն Ազիզյանը եւ Վանիկ Ասատրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031