Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ոչ «կդաղենք« Բելառուսին, ոչ կվնասենք Բելառուս-Ադրբեջան գործակցությանը». փորձագետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 13:59

«Լուկաշենկոն հստակ դրսեւորում է ադրբեջանամետ դիրքորոշում: Խոսքը ոչ այնքան Բելառուս-Ադրբեջան ջերմ հարաբերությունների մասին է, այլ այնպիսի հարաբերությունների, որոնք ի վնաս ՀՀ շահերի են»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Բելառուսը ջանքեր է գործադրելու Ադրբեջանի պաշտպանությունն ամրապնդելու համար, ասաց «Razm.info» մասնագիտացված կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Նա նկատեց. «Բելառուսը մեր հետ նույն կառույցում է՝ ՀԱՊԿ-ում: ՀՀ-ն պետք է համարժեք ջանքեր գործադրի եւ փորձի ճնշել Բելառուսին, օրինակ, Ռուսաստանի միջոցով»:

Ըստ փորձագետի՝ Լուկաշենկոն ուղերձ հղեց ՀՀ-ին՝ ասելով, որ չի պատրաստվում ոչ մեկի առաջ արդարանել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների խորացման համար. «Նկատի ուներ՝ մի բողոքեք, միեւնույն է՝ մենք շարունակելու ենք զարգացնել այդ հարաբերությունները»: Տարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց՝ այդ համատեքստում խոսակցություններ կան, որ Բելառուսը գուցե Ադրբեջանին վաճառի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ )՝ ի հակադրություն ՀՀ ունեցած «Իսկանդերներ»-ի. «Փորձում են այդպես ներկայացնել: Համենայնդեպս, հերքող եւ հաստատող փաստեր չկան»:

Տարոն Հովհաննիսյանը փաստեց՝ Բելառուսի նման պահվածքի պատճառով կարծիքներ են հնչում, թե ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, մինչդեռ նման կտրուկ կոչերը ողջունելի չեն.«Ի՞նչ խնդիր կլուծենք դրանով. ոչ «կդաղենք« Բելառուսին, ոչ վնաս կտանք: Դրանից Բելառուս-Ադրբեջան հարաբերությունները չեն տուժի: Որքան էլ ՀԱՊԿ-ն ունի իր թերությունները, այդ կառույցի կողմից որոշակի երաշխիքներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031