Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ քննարկում. Կոչ են անում նոր «Սասնա ծռեր» ստեղծել ու թիրախավորել Դավիթ Հարությունյանի տունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2017 13:49

«Եվրոպայացավ ենք կպել, այն էլ՝ այն Եվրոպայի, որտեղ հայրն ամուսնանում է իր աղջկա հետ, եղբայրը՝ քրոջ»,- այսօր Փաստաբանների պալատում Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց հրամանատար, «Վարպետ Վահանի» պատմամշակութային համալիրի տնօրեն Սամվել Ղազումյանը:

Նրա խոսքով՝ «Շատ կուզենայի, որ Դավիթ Հարությունյանն այստեղ լիներ, ես իրեն մեր բակից գիտեմ մանկական, իր ամբողջ կենսագրությունն էլ շատ լավ գիտեմ ինչ կյանքով է ապրել: Հիմա ի՞նչ է կատարվում Հայաստանում, անպայման ուզում են այս օրենքն անցնի՞: Ով ուզում է՝ համոզված եմ, որ լավ կաշառված մարդիկ են դրանք: Պատահական տեղը այս օրենքը չէին ցանկանա ընդունվի: Մինչեւ հիմա այս օրենքը չի եղել՝ քանի՞ ընտանեկան բռնություն է եղել, տոկոսով նայել եմ՝ ամենաքիչը եղել է հենց Հայաստանում»:

Հետո ազատամարտիկ հրամանատարը բռնության կոչեր սկսեց անել. «Խնդրում եմ ներկաները ընենց անեն, որ «Սասնա ծռեր» նորից ստեղծվի, բայց թիրախը լինի Դավիթ Հարությունյանի տունը եւ արդարադատության նախարարությունը, կաշառքները երեւի հիմնականում հենց այնտեղ էլ տվել են»:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր ելույթում հակադարձեց՝ հիմա ինչո՞ւ «Սասնա ծռեր« ստեղծվեն, ինչո՞ւ եք բռնություն քարոզում, որ ձեր ընտանիքներում ձեր կանանց ծեծե՞ք:

Քննարկումը վերածվեց աղմուկի եւ վիրավորանքների, ներկաներից մեկը Պետրոսյանին սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել: Ըստ փաստաբան Պետրոսյանի՝ պատահակա՞ն է, որ 120 երկիր ընդունել է այս օրենքը: Մասնակիցները սկսեցին բորբոքվել, սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդարտության կոչ արեց:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խնդրեց չանձնավորել ու Ինեսսա Պետրոսյանին կոչ արեց զինվորականի կարծիքի նկատմամբ հանդուրժող լինել. «Ուզում եք վատ ավա՞րտ ունենա, դա՞ եք ուզում»:

Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ուզում է օրենքը չդիտարկվի այնպես, որ սա գալիս է ընտանիքները քանդելու: Ընդհակառակը: Նա քրեական գործերից ներկայացրեց՝ կացնահարված Մանսուրյանների դեպքը. «Ամիսներ շարունակ ամուսինը դարանակալում էր, անընդհատ գալիս էր, հոգեբանական ճնշման էր ենթարկում, հարձակումներ էր գործում եւ ոստիկանությունը չէր կարողանում, ասում էր՝ նրա ազատ տեղաշարժվելու իրավունքն է, չեմ կարող ասել մի կանգնիր, արդյունքում եղավ կացնահարություն: Նա կացնով սպանեց զոքանչին, կացնահարեց իր կնոջն ու աներոջը, որովհետեւ չունեինք այս օրենքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031