ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց եւ խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստերում կքննարկվեն կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը: Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները:
Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շուկայի հետ: Նա ընդգծեց`նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հարակից զեկուցող Տիգրան Ուրիխանյանը, որն այս նախագիծը հեղինակել էր նախորդ գումարման խորհրդարանում, հարց-մտահոգություն հնչեցրեց`18 տարին լրացած անձի դեպքում, որի օրգանիզմն անսովոր է դեռևս նման թմրանյութերի հանդեպ, ներգործությունը չափելը դժվար է: Փոխոստիկանապետն ասաց` իբրեւ չափ վերցրել են միջինացված տարբերակը`խորհրդակցելով գլխավոր նարկոլոգի հետ:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նկատեց` նոր սերնդի թմրանյութերը անընդհատ փոփոխվում են, մինչդեռ ներկայացվում է սահմանված ցանկ, որը շատ արագ հնանում է. «Հիմա քիմիայի գիտելիք ունեցողը նոր էլեմենտ է մտցնում, եւ դա չի կարող սահմանվել թմրամիջոց, մինչև մենք դա չհայտնաբերենք; Այսինքն ֆորմուլայում մի էլեմենտ է միացնում, բայց նույն ազդեցությունն է ու շրջանառության մեջ է դնում ու չես կարողանում պատասխանատվության մեջ դնել, ինչքան էլ պրոցեսը օրենսդրական փորձես արագացնել, չենք հասցնում»:
Ելնելով միջազգային փորձից, Հրայր Թովմասյանը կարծում է, որ այդ ցանկը կարող է նաեւ լիազոր մարմինը սահմանել. «Հենց շուկայում հայտնվեց՝ գործադիր իշխանությունը, կառավարությունն ավելի արագ է արձագանքում, քան ԱԺ-ն: Խնդիրը ՀՀ-ում կա»: Փոխոստիկանապետը հաստատեց այդ մտահոգությունը` 2016թ-ին բերել են 500-ից ավելի բանաձեւով նոր սերնդի թմրանյութերի անվանումներ, փոփոխություններ են կատարել եւ դեռ օրենքը ուժի մեջ չէր մտել, արդեն 37 նոր անվանումներ էին մտել. «Սա լուրջ խոչընդոտ էր մեզ համար նյութերի ընթացքը որոշելու, պատասխանատվության ենթարկելու»:
«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ է համամիտ`քիմիկոսների միտքն ավելի արագ է փոխվում եւ նախագիծը չի լուծում խնդիրը: Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց`իրենք նպատակ ունեն արագ վերահսկել թմրամիջոցների շարժը:
Մանրամասները` տեսանյութում
Հրայր Թովմասյանը նաեւ ոստիկանության ներկայացուցչի հետ է համամիտ`կառավարությունը 3-4 օրում կարող է արձագանքել, բայց ինքը ճիշտ է համարում, որ հիմքում չդրվի բանաձևերի տարբերակը:
Հովհաննես Քոչարյանը հստակեցրեց`ցանկում ընդգրկված են այն թմրամիջոցները, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին են համապատասխանում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց`բժշկության մեջ շատ արագ կերպով զարգանում է այդ միտումը, մի շարք բույսեր օգտագործվում են տարբեր դեղամիջոցների համար: Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, որ այն երկրներում, որտեղ այդ կարգավորումները կան, դրա աճեցման դրույթներն էլ կարգավորված են: Արտակ Զեյնալյանն էլ հումոր արեց. «Իսկ կանեփով աղանձը կարելի՞ է: Հետն էլ հացի վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ