Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գումարը տվեք ընտանիքներին, ինչի՞ եք երեխաներին վերցնում». Բագրատ սրբազանը դեմ է Ընտանեկան բռնության օրենքին

Հոկտեմբեր 18,2017 12:55

«Միանշանակ պետք է ընդունենք, որ որեւէ մեկը բռնության կողմ չէ՝ որեւէ տեսակի: Ի՞նչ տարբերություն, թե բռնությունը որտեղ է գործում՝ պառլամենտում, ընտանիքում, եկեղեցում, դրա վերաբերյալ կա Քրեական օրենսգիրք: Ընտանեկան բռնությունը քաղաքական տերմին է»,- այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Փաստաբանների պալատի կազմակերպած քննարկմանը ասաց Մայր աթոռից Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նա դժգոհեց, որ սխալ լույսի ներքո են օրինագիծը ներկայացնում հանրությանը. «Այս տարիներին այս օրինագիծը, որ կոչվում է ընտանեկան բռնություն, ըստ էության ներկայացվում է կանանց իրավունքի լույսի ներքո, ինչո՞ւ: Եթե այսօր դուրս գանք փողոց, որեւէ մեկին հարցնեք, ասեք՝ տղամարդու կնոջը ծեծելու մասին օրինագիծ է, մի՞թե այդպես է, ընտանիքը միայն կի՞նն է, կամ միայն տղամա՞րդն է, կամ միայն երեխանե՞րն են: Հոդված 2-ում երեխայի շահերի առաջնահերթությունն է, ինչո՞վ է երեխայի շահը առաջնահերթ, քան հոր շահը, մոր շահը կամ տատիկի, պապիկի շահը: Ինձ համար օրենքի փիլիսոփայությունը սխալ է, երեխայահենք, ուզում ենք այսպիսի մարդասիրական պատկեր տալ: Բայց չէ՞ որ եթե հղի կնոջ առողջությանը վտանգ է սպառնում, ասում ենք՝ ավելի լավ է պտուղը վերանա,, քան կինը, եթե վտանգ է սպառնում մոր կյանքին, այս պահին մոր շահն է դրված, առաջնահերթությունը նրանն է, ուրեմն ինչու են այնտեղ անտեսում երեխայի շահը, եթե այդպես էր՝ երեխան ամեն գնով պիտի ծնվեր»:

Հետո սրբազանն ասաց. «Մենք 35 տոկոս պաշտոնական տվյալներով աղքատություն ունենք մեր երկրում արձանագրված, պոտենցիալ դուռ է բացվել այս ընտանիքներից երեխաներին վերցնելու՝ լավ տրամադրությամբ ավելի ապահով պայմաներում տեղակայելու համար: Ցերեկային, գիշերօթիկների համար տարեկան որքա՞ն գումար է տրամադրվում՝ ահռելի մեծ քանակի: Հավաստի մարմնի տեղեկությունը փոխանցել՝ ամսական 3-5 հազար դոլարի սահմաններում գումար է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար այս հաստատություններում: Այդ գումարը տվեք ընտանիքներին, ինչի՞ եք երեխաներին վերցնում: Սրանով նաեւ բազմազավակությունը կխթանվի: Տավուշում 8-9 երեխաներ ունեցող ընտանիք կա, որ պայմանները լավը չեն, նշանակում է կարող ենք միջամտություն կատարել»:

Ըստ եպիսկոպոս Գալստանյանի, այսօր հեռուստատեսությամբ տոտալ բռնություն է քարոզվում ամենուրեք. «Կիսաբաց լուսամուտները դարձել են հետաքրքիր շոու՝ նստելու նայելու, թե ուրիշի ընտանիքում ինչ է տեղի ունեցել: Սա էլ միջավայրային մեղքն է մեր, մենք ապրում ենք մեղքի մեջ: Հիմա մեղքը վերացնելու մասին է խոսքը եւ մենք ստեղծում ենք այդ միջավայրը: Կանխարգելման մեծ ազդակը կարող է լինել, եթե մենք պատճառը գնանք վերացնելու, բռնարարը մեր հերոսները չլինեն: Ես հեռուստացույցը տնից հանել եմ, որովհետեւ ամբողջ լրատվական դաշտի 80 տոկոսը բռնություն են քարոզում՝ դեպրեսիա, եւ մեր միջավայրն էլ ոչ մի բանով չի զանազանվում: Այս օրինագիծը արդյո՞ք նպաստելու է բռնությունը վերացնելու՝ չեմ կարծում: Սա նման կլինի նրան, որ տան պատերը սվաղենք, բայց տուն սրանով չենք կառուցելու»:

Նա հայտարարեց. «Ես գտնում եմ, որ նման օրենք մեզ անհրաժեշտ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031