Մոսկվայում ձերբակալվել է հայ տաքսիստ, որը կասկածվում է 100 մարդու թունավորման մեջ: Այս մասին հայտնում է life.ru-ն:
Մոլագար տաքսիստի զոհերից մեկը հայտնի ռադիոհաղորդավար Արթուր Բիտովն էր: 51-ամյա լրագրողի մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայում ապրիլին: Սկզբում ենթադրվում էր, որ մահվան պատճառ է դարձել ալկոհոլի չարաշահումը, սակայն ավելի ուշ քննությունը պարզեց, որ Բիտովը հարձակման զոհ է դարձել, նրան թունավորել և թալանել են, թողել փողոցում, որտեղ էլ ցրտահարվել է:
Կես տարի հետո՝ հոկտեմբերի 16-ին, պարզվել է մարդասպանի ինքնությունը. դա 29-ամյա տաքսիստ Վահագն Կարապետյանն է: Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է դեղամիջոցների մի ամբողջ պահեստ, ինչպես նաև գողացված ապրանքներ՝ հեռախոսներ և ժամացույցներ:
Իրավապահները, մասնավորապես, Կարապետյանի բնակարանում հայտնաբերել են 190 «կլոզապին» դեղահաբ: Ըստ նախաքննության՝ Կարապետյանը զբաղվում էր մասնավոր փոխադրումներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ