Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն այն մարդը չէ, որի խոսքին կարելի է հավատալ. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 18,2017 10:53

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ի՞նչ փոխեց բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։ Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ։

-Հաշվի առնելով, որ նախագահները տեւական ժամանակ չէին հանդիպել, ինչը նշանակում էր, որ կողմերի դիրքորոշումները, տրամադրությունները բավական կոշտ են նախագահների գագաթաժողով կազմակերպելու համար, իհարկե ողջունելի է, որ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց կազմակերպել այս հանդիպումը Շվեյցարիայում։

Սա ցույց է տալիս, որ մթնոլորտը՝ կողմերի տրամադրվածությունը մեկը մյուսի եւ դիմացինի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ որոշ չափով փոխվել է, եւ ստեղծվում են նախադրյալներ, ըստ էության, փակուղային վիճակում հայտնված բանակցային գործընթացը շարունակելու համար։ Այս պահին խոսել արդյունքների մասին, ասել, որ այս մեկ հանդիպումը կարող էր շրջադարձային լինել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար, ոչ միայն անհիմն լավատեսություն կլիներ, այլեւ անտեղյակություն։
Խոսքը վերաբերում է նրան, որ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ նվազագույն խնդիրը, որ այդ շրջանակներում փորձում են լուծել Մինսկի խմբի համանախագահները, մնում է շփման գծում լարվածության թուլացումը, ինչը հնարավորություն կտա շարունակել քննարկումներն այն հիմնարար սկզբունքների եւ տարրերի շուրջ, որոնք կարող են հիմք դառնալ հակամարտության կարգավորման համար։

Այսօրվա դրությամբ, տպավորությունն այնպիսին է, թե կողմերը հավատարիմ են մնում իրենց սկզբունքային դիրքորոշումներին, այդուհանդերձ ենթադրվում է, թե այս հանդիպումը կարող է նպաստել նվազագույն խնդրի լուծմանը՝ լարվածության թուլացմանը. այն, ինչին մշտապես ձգտել է հայկական կողմը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործով։

Նախագահ Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ալիեւը, իր տպավորությամբ, խորապես շահագրգռված է, որ սահմանում այլեւս զոհեր չլինեն։ Ադրբեջանի նախագահի այս անսպասելի «կերպարանափոխությունը» որքանո՞վ համոզիչ է։

-Իհարկե՝ Ալիեւը նման չէ մի մարդու, որը մտահոգ է սեփական զինվորների եւ հատկապես հայ զինծառայողների մահվան դեպքերով, բայց խոսքը վերաբերում է նրան, որ կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու դեպքում իրավիճակը շփման գծում կարող է իսկապես դուրս գալ վերահսկողությունից. մի բան, որ որեւէ մեկին պետք չէ, այդ թվում՝ Ադրբեջանին։
Այսինքն՝ առնվազն պետք է ջանքեր գործադրել, որպեսզի շփման գծում լարվածությունը նվազի, եւ հայկական կողմն այդ ուղղությամբ հստակ գործողություններ է իրականացնում։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, նրանք էլ պետք է քաջ գիտակցեն, որ մեր նկատմամբ որեւէ ոտնձգություն առաջին հերթին իրենց է վնասելու՝ նկատի ունենալով մարդկային կորուստները, որ ունենում են՝ հայկական ուժերի համարժեք պատասխանը ստանալուց հետո։

Կարելի՞ է ասել, որ կողմերը կոնսենսուսի են եկել շփման գծում լարվածությունը թուլացնելու հարցում, ինչպես նշում են որոշ մեկնաբաններ։

-Եթե կա կոնսենսուս, ապա այն հարցում, որ հակամարտությունը պետք է լուծվի։ Սա միանշանակ է։ Բայց այն, որ յուրաքանչյուր կողմ ունի հակամարտության կարգավորման իր մոտեցումը, իր տեսլականը, վկայում է, որ այստեղ կոնսենսուս ավելի շուտ չկա, քան կա։

Այսինքն՝ համագործակցության եզրերն ավելի քիչ են, քան ինչ-որ մեկին կարող է թվալ։ Խնդիրն այն է, որ պետք է գտնել այն եզրերը, որոնք այս կամ այն չափով ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Հայաստանը, ի դեմս նախագահ Ս.Սարգսյանի, ՄԱԿ-ի ամբիոնից եւս մեկ անգամ վերահաստատեց իր պահանջը՝ Արցախի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան ներկայիս դե ֆակտո անկախ կարգավիճակը։ Այդ անկախության պահպանման համար անհրաժեշտ երաշխիքներ, հուսալի ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության միջեւ։

Մեր խնդիրն է՝ հասնել նրան, որ մեր դիրքորոշումը ոչ միայն ամրագրվի բանակցվող փաստաթղթում, այլեւ պարտադիր բնույթ ունենա նաեւ Ադրբեջանի համար։ Սա է հիմնական խնդիրը, որ դրված է հայկական կողմի օրակարգում եւ այս կամ այն կերպ հնչեցվում է նաեւ Արցախի Հանրապետության կողմից։

Իհարկե, արցախյան կողմի համար շատ կարեւոր է նաեւ հանդես գալ որպես բանակցային գործընթացի անմիջական մասնակից։ Դա միգուցե հաջորդ քայլն է, բայց հիմա Հայաստանը հանդես է գալիս ե՛ւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ե՛ւ փաստացի ներկայացնում է Արցախի Հանրապետության շահերը բանակցային գործընթացում, իհարկե՝ նկատի ունենալով, որ Մինսկի խմբի համանախագահներն ամեն անգամ այցելում են Ստեփանակերտ, հանդիպում Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ եւ հարցնում նրանց տեսակետները բանակցությունների սեղանին դրված օրակարգային խնդիրների վերաբերյալ։

 Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031