Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների մի զգալի մասի չմասնակցելը հայրենի քաղաքական դաշտի լուրջ խնդիրներից մեկն է. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 18,2017 10:49

Նոյեմբերի 5-ին երկրի մոտ յոթ տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ըստ որում՝ մի քանի օր առաջ է լրացել թեկնածուների գրանցման ժամկետը:
Բայց դա հարցի տեխնիկական կողմն է: Բովանդակայինն այն է, որ ընթացիկ ներքին անցուդարձում, անգամ քաղաքականացված կայքերի լրահոսում, քաղաքական կյանքի «նիստուկացում» գրեթե ոչ մի կերպ չեն արտացոլվում 69 համայնքում նախատեսված ՏԻՄ ընտրությունները: Իսկ դա լավ նախանշան չէ, որքան էլ նման ընկալումը տարօրինակ թվա:
Սակայն երբ ծանոթանում ես նույն այդ համայնքներում նախատեսվող ընտրություններին վերաբերող մյուս տվյալներին, հիշյալ ընկալումն ավելի է հիմնավորվում:

Մասնավորապես համայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայնքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 56-ը անկուսակցական է, 67-ը՝ Հանրապետական կուսակցության, 6-ը՝ ԲՀԿ-ի, 4-ը՝ Դաշնակցության, 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ 1-ը՝ «Համերաշխություն» կուսակցության անդամներ են:

Շատ խոսուն տվյալներ են: Բայց, նախքան «խոսուն»-ին անցնելը, մի երկու տվյալ էլ ավագանու անդամության համար պայքարի մեջ մտածների մասին, որ պատկերը կիսատ չմնա: Այսպես. ավագանու անդամի հերթական ընտրություններ են անցկացվելու 54 համայնքում, գրանցվել է 983 թեկնածու, որոնցից 648-ը անկուսակցական է, 240-ը՝ Հանրապետական կուսակցության, 50-ը՝ Դաշնակցության, 28-ը՝ ԲՀԿ, 6-ը՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության, 2-ական թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Երկիր ծիրանի» կուսակցության եւ ՍԴՀԿ, 1-ական թեկնածու՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության, Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, ՌԱԿ եւ ՍԻՄ կուսակցության անդամներ են:
Սրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներն են: Ու այդ տվյալները հետաքրքիր ու նաեւ մտահոգիչ բաներ են վկայում:

Այն, որ ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների մի զգալի մասի չմասնակցելը կամ պասիվ ներկայությունը հայրենի քաղաքական դաշտի, թե կուզեք՝ համակարգի լուրջ խնդիրներից մեկն է, նորություն չէ: Ավելին՝ դա բազմիցս ու ամենատարբեր կողմերից արծարծված, կարելի է ասել՝ ծեծված խնդիր է: Բայց խնդրի «ծեծվածության» աստիճանից անկախ, այն շարունակում է մնալ ասպարեզում:

Հատկանշական է, որ գրանցված կամ անվանապես գոյություն ունեցող բազմաքանակ կուսակցությունների ու հատկապես մի քանի քիչ թե շատ երեւացող, բայց էլի ՏԻՄ ընտրություններին չմասնակցող ուժերի շարքում միայն «Ելք» դաշինքը փորձեց հանրությանը բացատրել, թե կոնկրետ ինչու չեն այս անգամ մասնակցում: Թեպետ, նկատենք, «Ելքի» մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հանրապետությունը» մի քանի թեկնածու առաջադրել են:
Հիշեցնենք միայն, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրերս այսպես բացատրեց իրենց մոտեցումը. «ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ անհրաժեշտ են որոշակի, կառուցվածքային փոփոխություններ, կադրային հարցեր լուծել, մարզերում աշխատանք տանել: «Ելք»-ում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն այս բոլոր հարցերով կզբաղվի: Հույս ունենք հաջորդ ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցել»:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031