Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքի սահմանների պաշտպանների աչքերում անձնազոհություն տեսա»

Հոկտեմբեր 18,2017 14:00

Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը վստահ է, որ Հայաստանից դուրս ապրող հայերը կարող են հանգիստ քնել

Օրերս Երեւանում էր Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը: «Առավոտի» հետ զրույցում նա հետաքրքիր մանրամասներ պատմեց հայ համայնքից:

Նրանից տեղեկացանք, որ ծնողները 1978-ին տեղափոխվել են Կամչատկա, այնտեղ ամուսնացել, ու ծնվել է Արթուր Խաչատրյանը: Նա Կամչատկայում է մեծացել եւ կրթություն ստացել:

Համայնքի ղեկավարին հարցրինք, թե ովքե՞ր են Կամչատկայի հայերը, ի՞նչ դեր ունեն նրանք այդ երկրամասի զարգացման գործում: Եվ որքա՞ն է Կամչատկայում ապրող հայերի թիվը: Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ տեղի հայերի թվում կան մշակույթի, գիտության, բիզնես եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: «Օրինակ, Սուրեն Ղազարյանը ՌԴ վաստակավոր նկարիչ է, շատերը դասավանդում են համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, բժիշկներ կան, Կամչատկայի երկրամասի ուժային կառույցներում, դատախազությունում, զինվորական դատախազությունում աշխատող հայեր, ունենք մարզիկներ` Արմեն եւ Արամ Հովսեփյանները հայտնի բռնցքամարտիկներ են, միջազգային սպորտի վարպետներ»,-նշեց մեր զրուցակիցը: Նաեւ ասաց, որ Կամչատկայում ավելի քան 2500 հայ է ապրում:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ տեղի կիրակնօրյա հայկական դպրոցին: Համայնքի ղեկավարը նշեց, որ այն երկու տարի առաջ է հիմնադրվել, ինչ վերաբերում է հայկական համայնքին, այն էլ 2015-ին է ձեւավորվել: Հայկական դպրոցում, որ տեղակայված է Ս. Կրաշեննիկովի անվան գիտական գրադարանի շենքում, սովորում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն: Այս պահին սովորողների թիվը 20 է: Դասավանդում են մանկավարժական կրթությամբ մասնագետներ, իսկ դասագրքերի, ծրագրերի հարցով աջակցում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: «Սփյուռքի նախարարության հետ սերտորեն ենք համագործակցում»,-շեշտեց Արթուր Խաչատրյանը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ hարաբերությունների մեջ է համայնքը երկրամասի ղեկավարության հետ: Արթուր Խաչատրյանը նշեց, որ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սերտորեն համագործակցում են, դրան նպաստում է նաեւ քրիստոնյա լինելու հանգամանքը եւ հայ-ռուսական մշակութային առնչությունները, համագործակցությունը շինարարական, տեխնոլոգիաների, ատամնաբուժության եւ այլ ոլորտներում: Նրա ձեւակերպմամբ, բոլորը գիտեն, որ հայերը այդ ոլորտների լավագույն մասնագետներ են:

Հարցրինք նաեւ, թե ազգային այլ փոքրամասնությունների հետ ինչպիսին են հայկական համայնքի շփումները: «Կամչատկայի երկրամասի բնիկները կորյակներն են, որոնք քաղաքից հեռու են ապրում: Ինչ վերաբերում է մյուս համայնքներին, հայ համայնքը բարեկամական հարաբերությունների մեջ է, Կամչատկայում կան ուզբեկական, կիրգիզական, տաջիկական, դաղստանցիների, չեչենական, ադրբեջանական, վրացական, բելառուսական եւ այլ համայնքներ, որեւէ մեկի հետ որեւէ կոնֆլիկ չի ծագել»,-ասաց հայկական համայնքի ղեկավարը:

Քանի որ Արթուր Խաչատրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, հարցրինք, թե որքանով է իր մասնագիտությունն օգնում համայնքի ղեկավարի աշխատանքներն իրականացնելիս եւ ընդհանրապես կայանալու ճանապարհին: Նա ասաց, որ իրավաբանի մասնագիտությունը օգտակար է ամեն պարագայում, ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ասաց, որ հայկական համայնքի ներկայացուցիչները երբեք ծանր հանցագործությունների մասնակից չեն եղել, բոլորն օրինապաշտ քաղաքացիներ են. «Հայերի մեծ մասը բիզնեսով է զբաղվում, խաղաղ կյանքով է ապրում, եւ օրինական ճանապարհով է ամեն գործունեություն ծավալում: Բարեբախտաբար, ինձ երբեւէ անգամ իրավաբանական խորհրդատվության խնդրանքով չեն դիմել…»: Նրանից նաեւ տեղեկացանք, որ վերջին շրջանում ավելի շատ հայերն են սկսել Կամչատկա մեկնել, պարզվեց՝ հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն են եւ սեզոնային է նրանց ներկայությունը երկրամասում:

Խոսեցինք նաեւ Պետրոպավլովսկ-Կամչատսկի եւ Գյումրիի միջեւ անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրից, մեր զրուցակիցը նշեց, որ հուշագրով նախատեսված է համագործակցություն բոլոր ոլորտներում՚ սկսած տնտեսականից, ավարտած գիտակրթականով, մշակույթով ու զբոսաշրջությամբ:
Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Սփյուռք համաժողովին, Կամչատկայում կառուցված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, միջազգային իրավունքի թեմայով տարիներ առաջ կայացած գիտաժողովին: Վերջինս Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի մասնաճյուղի եւ Վիտուս Բերինգի անվան Կամչատկայի պետական համալսարանի նախաձեռնությամբ էր եւ «Միջազգային իրավունք. խնդիրներ ու հեռանկարներ» թեմայով: Կոնֆերանսին զեկուցումներով հանդես էին եկել Վլադիմիր Հովհաննիսյանը (իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ), Հովհաննես Ալեքսանյանը (ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող) եւ Լեւ Լազուտինը (իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի ամբիոնի վարիչ, ՌԴ դատախազության պատվավոր աշխատակից): Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ տարբեր թեմաների համատեքստում հիմնականում ցեղասպանության թեման էր դիտարկվում` Հայաստանի օրինակով:

Հավելենք, որ Արթուր Խաչատրյանը Կամչատկայում հետաքրքիր նախադեպ է ձեւավորել, համայնքի ղեկավարի ընտրություններ է կազմակերպել հավուր պատշաճի`քվեաթերթիկներով, դիտորդների ներկայացուցչական կազմով եւ 5 հոգուց նախագահ է ընտրվել 85% ձայնով:

Արթուր Խաչատրյանն իր սեղանի գիրքը համարում է Աստվածաշունչը, այն ամենուր իր հետ տանում է:

Նրանից տեղեկացանք, որ Կամչատկայի հայ համայնքի որոշումով Արցախին օգնություն են ցուցաբերել եւ «ԼԱԶ» մեքենա են նվիրել զորամասերից մեկին: Ինքն Արցախում վերջին անգամ մայիսի 9-ին է եղել: «Եղա առաջնագծում, տեսա մեր զինվորներին…Շատ էի ուզում տեսնել մեր հայրենիքի պաշտպանների աչքերը, որոնց շնորհիվ գիշերները հանգիստ քնում ենք: Եթե անգամ Ռուսաստանում ենք ապրում, չենք կարող հանգիստ քնել, եթե Հայաստանի սահմաններին հանգիստ չլինի…Ես նրանց աչքերի մեջ հայրենասիրություն կարդացի, վախի բացակայություն եւ ամեն գնով հայրենիքը պաշտպանելու կամք…Աչքովս տեսա այդ ամենը եւ հիմա հանգիստ եմ…Արցախի ժողովրդի աչքերում էլ էր նույնը: Կարծում եմ՝ մենք Արցախից շատ բան ունենք սովորելու: Երեխաներից սկսած՝ բոլորն ուժեղ են…»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

17.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031