Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանն են իրենց պատմական հողը համարում»

Հոկտեմբեր 18,2017 13:30

Գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը` ֆրանկֆուրտյան տոնավաճառի եւ «ադրբեջանական» սկանդալի մասին:

Ֆրանկֆուրտում 1949թ. անցկացվող գրքի ամենամեծ տոնավաճառում Հայաստանը մասնակցում է արդեն մոտ 30 տարի: «Առավոտի» հետ զրույցներում տոնավաճառում ներկա մեր հրատարակիչները մշտապես փաստել են, որ ադրբեջանական տաղավարը լեցուն է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությամբ: Հանդիպեցինք հայաստանյան պատվիրակության անդամ, «ԱՐԻ» գրական գործակալության եւ նույնանուն գրականության հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ:

Ինչպես հայտնի է, վերջերս ավարտված հերթական տոնավաճառում ադրբեջանցիները, ոչ ավել, ոչ պակաս, հայկական տաղավարից գողանում են Հայաստանի եւ Արցախի մի քանի քարտեզ ու արցախյան թեմայով քաղաքական վանկարկումներով դրանք տանում իրենց հետ: Մերոնք էլ կարգի հրավիրելու պահանջով հետեւում են ադրբեջանցիներին, ուժով հետ վերցնում քարտեզները: Անմիջապես տաղավար են կանչում տոնավաճառի անվտանգությանն ու ոստիկանությանը, նաեւ փոխտնօրեն Թոբիաս Վոսին: Մեզ հետ զրույցում տիկին Աշխարոյանը նշեց, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն է խլել գողոնը: Ասաց նաեւ, որ հայաստանյան կողմն առաջարկել է չեզոք գոտում ադրբեջանցիների հետ քննարկել այս հարցը ու պահանջել են ներողություն խնդրել: «Ադրբեջանական տաղավարի ներկայացուցիչը ներողություն խնդրեց: Փաստորեն, մենք հասանք այն բանին, որ նրանք ներողությունը խնդրեցին գողության համար:

Ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցիները քարոզում են, որ Հայաստանը զավթել է իրենց պատմական հողերն ու նոր սերունդը մեծանում է հայերիս հանդեպ ատելությամբ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե սա գողության առաջին դեպքն է, բայց ավելի քան երկու տասնամյակ ադրբեջանական տաղավարում ցուցադրվող հակահայկական գրականությունը տարեցտարի բարգավաճում է, գրական գործակալը պատասխանեց. «Համամիտ եմ, պետք է ունենալ հստակ քաղաքականություն՝ ինչպես վարվել: Վստահ եմ, որ այս դեպքից հետո թե մշակույթի նախարարությունը եւ թե գրական-հրատարակչական կազմակերպությունները համապատասխան հետեւություններ կանեն ու կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»: Անդրադառնալով տեղի ունեցածին, տիկին Աշխարոյանը հիշեց, որ ֆրանկֆուրտյան տոնավաճառներից մեկում էլ ադրբեջանցիները վայնասուն էին բարձրացրել, թե հայկական տաղավարում հակաադրբեջանական քարոզչություն է: Տոնավաճառի ղեկավարությունը փորձել էր հավաքել այդ գրքերը եւ միայն բացատրական աշխատանքներից հետո նրանք համոզվել էին, որ ոչ մի հակաադրբեջանական պրոպագանդա էլ չկա:


Արեւիկ Աշխարոյանը տարակուսեց նաեւ, որ ադրբեջանցիները հասել են նրան, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանն են իրենց պատմական հողը համարում. «Իրենց գրքերում Էրիվանն էլ, Սեւանն էլ… Ադրբեջանի պատմական հողերն են եւ ստացվում է, որ մենք ենք զավթել: Ներկայացված էին նաեւ զբոսաշրջությանը վերաբերող բրոշյուրներ՝ ընդգրկելով Ղարաբաղը, տեղի եկեղեցիներն էլ ներկայացված էին ալբանական եւ այլն, եւ այլն: Ախր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին դեռեւս կան երկրներ, որոնք չունեն ճշգրիտ ինֆորմացիա: Կոնկրետ այս տարի կայացած ֆրանկֆուրտյան տոնավաճառին մասնակցում էր 125 երկիր, ավելի քան 172 հազար մասնակից եւ շուրջ 278 հազար այցելու: Ոչ միայն այս տոնավաճառից, այլեւ նման միջոցառումներից մենք պետք է մեր ձայնը հասցնենք աշխարհին: Ցավոք, մինչ օրս Ադրբեջանն օգտվում է այս մեծ տոնավաճառի քաղաքականությունից, որի առանցքում խոսքի ազատության իրավունքն է»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Արեւիկ Աշխարոյանը՝ բուլղարացի հրատարակիչ Միլեն Միլեւի հետ:

«Առավոտ»

17.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031