Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի սուրբ քարերը»` անգլերեն

Հոկտեմբեր 18,2017 13:00

«Կազա» շվեյցարական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կենտրոնում օրերս կայացավ «Հայաստանի սուրբ քարեր» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը: Գրքի համահեղինակներն են շվեյցարացի Ֆաբիեն Կրահենբուլը եւ հայազգի Պատրիկ Դոնաբեդյանը: Ֆաբիեն Կրահենբուլը երեք տարի շարունակ Հայաստանում աշխատել է որպես սիվիլիստ (երբ քաղաքացին ռազմական ծառայության փոխարեն այլ երկրում այլընտրանքային ծառայության է անցնում), սակայն նա այնքան է ոգեւորվել իր կատարած աշխատանքով եւ՛ որպես հնէաբան, եւ՛ որպես գրքի հեղինակ, որ սահմանված ժամանակից երկար է մնացել Հայաստանում, որպեսզի կարողանա ավարտին հասցնել սկսած գործը: Սկզբում հեղինակը պատրաստվում էր ճարտարապետական տերմինների բառարան գրել զբոսավարների համար, իսկ հետո, որպեսզի այդ ամբողջ տեղեկությունը չանհետանա, որոշեց գիրք գրել, սակայն մտավախություն ուներ, որ սխալներ թույլ կտա, քանի որ Հայաստանի ճարտարապետական պատմության եւ ժառանգության մասնագետ չէր: Հենց այդ ժամանակ էլ առաջարկում է Պատրիկ Դոնաբեդյանին համագործակցել, որն ավելի քան 30 տարի ուսումնասիրել է Հայաստանի եւ Վրաստանի վաղ միջնադարյան քրիստոնեական ճարտարապետությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2014թ.-ին՝ ֆրանսերեն, իսկ 2015-ին վերահրատարակվել է, որի ժամանակ էլ շատերը սկսեցին հետաքրքրվել, թե ինչու անգլերեն եւ իտալերեն չեն թարգմանում, ինչն էլ գիրքը թարգմանելու եւ կրկին վերահրատարակելու առիթը դարձավ: Ֆաբիեն Կրահենբուլը խոսելով գրքի մասին՝ ընդգծեց. «Այս աշխատության նպատակը Հայաստանը բացահայտելու միջոց դառնալն է զբոսաշրջիկների համար: Բավականին շատ տեղեկություններ կան Հայաստանի կրոնական ճարտարապետության վերաբերյալ, սակայն հիմնական խնդիրն այն է, որ դրանք շատ մեծ, շատ ծանր գրքեր են արվեստի մասին, որոնք շատ դժվար է տեղից տեղ տանել եւ հայերի գրպանի համար դժվարամատչելի են, իսկ այս գիրքը այդ առումով բավականին հարմար տարբերակ է»:

«Էսպաս» երիտասարդական կենտրոնի տնօրեն Մոնիկ Բոնդոլֆին խոսելով հեղինակի գրքի՝ մասին նշեց. «Երբ գիրքը վերցնեք՝ կտեսնեք, թե ինչքան կատարելապաշտ է Ֆաբիենը. ամեն ինչ մանրամասն, շատ խնամքով մտածվել է, հաշվի է առնվել եւ արդյունքում ստացվել է գիրք, որը միաժամանակ եւ՛ գիտահանրամատչելի է, եւ՛ գիտական առումով շատ բարձր մակարդակ ունի: Սրանք որակներ են, որոնք հաճախ չեն կարողանում մեկտեղել մեկ գրքում, որովհետեւ հիմնականում լինում են կամ շատ գիտական, կամ շատ մոտավոր տեղեկություններ պարունակող գիտահանրամատչելի գործեր: Հեղինակը «աբեղայի» նման շատ մանրակրկիտ աշխատանք է կատարել»:

Գիրքը բաղկացած է վեց հիմնական բաժիններից, որոնցում ներկայացված են Հայաստանի ճարտարապետության պատմությունը, հայկական եկեղեցիների հատակագծերը, հայկական կրոնական կառույցների ուղղահայաց կառուցվածքը, զարդաքանդակները, խաչքարերը եւ վաղ քրիստոնեական շրջանի կոթողները:

Գիրքն այժմ թարգմանվում է նաեւ իտալերեն:

 

ՆԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

17.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031