Անթառամը բնաբուժության մեջ հայտնի է որպես սպազմոլիտիկ, լեղամուղ, ստամոքսի գործունեությունը խթանող միջոց: Բացի այդ, որպես հակաբորբոքային, հակամանրէային եւ տոնուսավորող միջոց (մի փոքր բարձրացնում է արյան ճնշումը¤, ուժեղացնում է լեղարտադրությունը, նվազեցնում նրա մածուցիկությունը:
Խոլեցիստիտների, լեղաքարային հիվանդության եւ հեպատիտների ժամանակ անթառամի պատրաստուկները խթանում են լեղարտադրությանը, նվազեցնում բիլիռուբինի եւ խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում մանր քարերի եւ ավազի դուրսբերմանը, կանխարգելում լեղու կանգը, լավացնում լյարդի նյութափոխանակային գործունեությունը: Հիվանդների մոտ լավանում է ինքնազգացողությունը, անհետանում են ցավերն ու դիսպեպսիկ երեւույթները:
Որպես լեղամուղ միջոց կարող եք պատրաստել՝ վերցնել 3 ճաշի գդալ անթառամի մանրացված ծաղիկներ, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 30 րոպե տաքացնել ջրաբաղնիքի վրա՝ մերթընդմերթ խառնելով: Սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել: Եփուկի ծավալը եռացրած, մի փոքր հովացրած ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:
Միզաքարային բորբոքումների ժամանակ 1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել թերմոսում 1 ժամ՝ թրմվելու: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
17.10.2017