Այսօր Ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագծի մասին ԱԺ լսումների ժամանակ Արմավիրի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Առաքելյանն իր ելույթում խոսեց Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության եւ նրանց ընտանիքում ընտանեկան բռնության մասին:
Նա ասաց. «Երբ Հրանտ Դինքին թուրքերը սպանեցին, շատ թուրքեր իրենց վրա կախել էին՝ ես Հրանտ Դինքն եմ, Արմավիրում վերջերս երկու ընտանեկան բռնության դեպքեր գրանցվեցին: Ես Սյուզաննա Մարգարյանն եմ, ում ամուսինը սպանեց փողոցում՝ երեք տարեկան երեխայի աչքի առաջ: Ես Ռուզաննա Մկրտչյանն եմ, ով բազմաթիվ ընտանեկան բռնության ենթարկվելու, ընդ որում, շատ կցանկանայի, որպեսզի բոլորս ընդունեինք, թե ինչ է տնտեսական, հոգեբանական բռնությունները եւ չսահմանափակվեին միայն ֆիզիկականով, նա ինքը իր մեջ ուժ գտավ եւ սպանեց բռնարարին: Այսօր Ռուզաննա Մկրտչյանը պատիժ է կրում, ո՞վ է կանգնած նրա կողքին»:
Առաքելյանն ասաց, որ մենք չունենք այն թեժ գիծը, որտեղ ժամանակին կարող էր Ռուզաննան դիմել եւ իրեն պաշտպանված զգալ. «Ես ուզում եմ փոխանցել Ռուզաննայի խոսքը, որն ասում է՝ ես քրեակատարողական հիմնարկում ինձ ավելի ապահով էի զգում, քան՝ իմ ընտանիքում»:
Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ պատմեց, որ Հայաստանում առկա են նաեւ մեծահասակ ծնողների մասին բռնության դեպքեր եւ դրա մասին վկայում են պաշտոնական վիճակագրության արդյունքները. «Այսօր շատ կանայք չեն գալիս ոստիկանություն, որովհետեւ ասում են՝ գալու ենք միայն հաշվառելու եք, մատ եք թափ տալու ու ասելու եք մի արեք, իսկ դա բավարար չի, նա վերադառնալու է տուն, նորից դաժանորեն ինձ ծեծելու է»: Նելլի Դուրյանը կոչ արեց օրենքով կանխարգելել ընտանեկան բռնությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ