Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարարը լեյտենանտի հրավիրեց լանչի՝ իրեն լավագույն հարցն ուղղելու համար

Հոկտեմբեր 17,2017 22:33

Այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով վարպետության դաս անցկացրեց «Այբ» կրթահամալիրում՝ «Հաջողության բանաձեւ» նախաձեռնության շրջանակներում: Դասախոսությունից հետո նախարարին տարաբնույթ հարցեր ուղղեցին, ճշտեցին՝ արդյոք ժամը 6-ին է գնում աշխատանքի, ընտանիքը չի՞ խանգարում աշխատանքին, գրական ո՞ր հերոսին է սիրում եւ այլն:

Հարցին, թե ինչ է հայրենասիրությունը՝ նախարարը պատասխանեց՝ ազգային ինքնության գիտակցությունն է: Ըստ Վիգեն Սարգսյանի, մենք համաշխարհային ժողովուրդն ենք, որովհետեւ աշխարհի ամենասրբազան վայրերում ունենք մեր մասնիկը, ընդ որում՝ շատ նշանակալի մասնիկը: Նա ասաց, որ հայրենասիրությունը պահանջում է շատ խորը ինքնագիտակցում եւ ինքնաճանաչում՝ անընդհատ աշխատանք՝ քո արմատները գնահատելու, հասկանալու:

Նախարարին հարցրեցին՝ ունե՞ք սեղանի գիրք: Նախարարը պատասխանեց, որ դա «Քինդլն» է՝ էլեկտրոնային ընթերցիչ սարքը, որն իր մեջ ներառում է մի քանի հարյուր գիրք. «Սկզբից շատ վերապահումով էի մոտենում, որովհետեւ ինձ թվում էր ընթերցանության զգացումը կորցնում ես, բայց հիմա, երբ մեկն ինձ ասում է՝ տպած գիրքն ախր ուրիշ է, ասում եմ՝ իսկ դու փորձե՞լ ես ձեռագիր մատյաններ կարդալ, դրանք շատ ավելի ազդեցիկ են, բայց շատ ավելի դժվար է այդ քանակի մատյաններ գրել, զարդարել ու հասցնել յուրաքանչյուրի տուն»:

Վիգեն Սարգսյանը դժվարացավ սիրելի գրական հերոսի նշել, ասաց, որ տարբեր տիպի գրականություն է ընթերցում, անընդհատ փոխում է այն, ինչ կարդում է, բայց իր ամենասիրած գրքերից մեկը «Չիպոլինոյի արկածներն» են: Ըստ նախարարի, «դա ամենաառաջին գիրքն է, որը նպաստում է քաղաքացու կայացմանը, իշխանության, անարդարության նկատմամբ ընդվզելու, քո իրավունքները  պաշտպանելու, կազմակերպվելու առումով ինքը շատ իմաստուն գիրք է»:

Ինչ վերաբերում է  աշխատանքային օրը արդյոք 6-ին է սկսում՝ նախարարը անկեղծացավ՝ 6-ին չէ, 6.30-ին, բայց մեկ-մեկ «գլուխ է պահում» ու գնում  է 7.30:

Հարցրեցին նաեւ, թե հայաստանյան ո՞ր մեդիաների լրատվությանն է հետեւում, Twiter-ում չի՞ գրանցվելու, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ չի գրանցվելու, ֆեյսբուքում կա, երբեմն գրառումներ է անում, իսկ մեդիաներից հետեւում է Arcrunhovhannisyan.com-ին:

Նախարարին հարց ուղղողներից մեկը Հայոց բանակում ծառայող լեյտենանտ Արման Մալխասյանն էր: Նա նախ թույլտվություն խնդրեց նախարարից՝ իրեն հարց տալու համար: Նախարարը ժպտաց: Լեյտենանտին հետաքրքրում էր՝ «Այսպիսի մի առակ կա, ասում են՝ Մակեդոնացին, Հիտլերը եւ Նապոլեոնը մահանալուց հետո հավաքվում են միասին, Աստծուն հարց են ուղղում, թե ով է իրենցից լավագույն լիդերը: Աստված մտածում է, ասում է՝ իրականում լավագույն լիդերն ապրում է Չինաստանի հեռավոր համայնքներից մեկում, պարզապես դուք հայտնվել եք ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին: Ի՞նչ եք կարծում, արդյոք վայրն ու ժամանակը կարո՞ղ են ճակատագրական լինել իրական լիդերի համար, թե՞ նա, այնուամենայնիվ, լուծումներ կգտնի իրեն ցույց տալու»:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ժամանակն ու տեղը շատ կարեւոր են առաջնորդի ձեւավորման համար, դա դասական վեճ է՝ անձի դերը պատմության մեջ, արդյոք անձն է պատմության վրա ներազդո՞ւմ, թե՞ պատմությունն է կերտում ժամանակի առաջնորդին: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ դա փոխշաղկապված գործընթաց է:

Ուշագրավ է, որ հանդիպման վերջում Վիգեն Սարգսյանին հնարավորություն տվեցին ընտրել, թե որն էր լավագույն հարցը: Նախարարը ընտրեց լեյտենանտ Մալխասյանին եւ նրան հրավիրեց հաջորդ շաբաթ լանչի՝ որպես մրցանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031